Իրավական 

Ընդդեմ կուտակայինի ՍԴ ներկայացված դիմումը մի քանի էջով ավելացել է

analitik.am

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգին վերաբերող նոր օրենքը չեղյալ համարելու՝ Ազգային ժողովի 36 պատգամավորների դիմումը Սահմանադրական դատարանին երկուշաբթի օրը մի քանի էջով ավելացել է։ Պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչներ Մերի Խաչատրյանը, Արտակ Զեյնալյանը և Արծվիկ Մինասյանը դատարանին են ներկայացրել «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության հունվարի 18-ի հանրահավաքիմասնակիցների հայտարարությունը, ինչպես նաև կոչ դատարանին։

Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ այսպիսով իրենք ևս մեկ անգամ հիշեցրել են դատարանին մինչ բուն օրենքի հարցը քննարկելը դրա գործունեությունը կասեցնելու որոշման անհրաժեշտությունը: «Որ անկախ նրանից, թե մարտի 28-ին ինչ հնարավոր որոշում կկայացնի դատարանը, այսինքն՝ կբավարարի մեր՝ դիմումատուներիս խնդրանքը, թե կմերժի, միևնույն է, ստեղծվում է մի անորոշ իրավիճակ, որը կարող է թե՛ պարտադիր բաղադրիչի՝ վիճարկվող օրենքով նախատեսված մասնակիցների և թե՛ նաև գործատուների համար լրացուցիչ, այսպես, չվերականգնվող ֆինանսական կորուստների հանգեցնել», - նշել է դաշնակցական պատգամավորը:

Մինասյանի խոսքով՝ առաջին կետում իրենք հիշեցնում են, որ չկասեցնելու դեպքում կլինեն ֆինանսական անդառնալի կորուստներ, երկրորդ կետում էլ՝ նշում, որ մի շարք գործատուներ բարձրացնում են 1974 թվականից հետո ծնվածների աշխատավարձերը, իսկ այստեղ խախտվում է Սահմանադրության՝ տարիքային խտրականությանը վերաբերող մասը, և եթե հետագայում դատարանը կասեցնի օրենքի գործողությունը, ապա գործատուները արդեն բարձրացված աշխատավարձերը կրկին իջեցնել չեն կարողանա, ինչը նույնպես խնդիր է գործատուների համար։


Սկզբնաղբյուրը՝ azatutyun.am

Նույն շարքից