Իրավական 

«Դեմ եմ» շարժումը շարունակելու է պայքարը

analitik.am

Սահմանադրական դատարանի` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի կասեցումը դեռ հաղթանակ չէ, այլ միայն հաղթանակի սկիզբ: Այս մասին այսօր` հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դեմ եմ» շարժման նախաձեռնող անդամ Դավիթ Մանուկյանը:

«Պետք է հասկանալ, որ միայն երկու կետ է կասեցվել, իսկ պարտադիր բաղադրիչը դեռ ուժի մեջ է: Մենք հիմա հաղթանակի մեջտեղում ենք գտնվում: Պայքարը պետք է շարունակել եւ ավելի մեծ թափով»:

Քաղաքացիական նախաձեռնության անդամ, հաշվապահ Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ Սահմանադրական դատարանը կասեցրել է այն դրույթները, որոնք այլեւս վերականգնել չի լինի. «76-րդ հոդվածի կասեցումը նշանակում է, որ գործատուները կարող են չվճարել 5%-ը: Հետեւաբար կոչ ենք անում գործատուներին կանգնել իրենց աշխատակիցների կողքին` չվճարելով պարտադիր բաղադրիչը, այս կերպ մոտիվացնելով աշխատողներին»:

Նախաձեռնության անդամները որոշել են չնահանջել եւ շարունակել պայքարը: Լինելու են բողոքի երթեր, բազմաթիվ ակցիաներ Երեւանում եւ մարզերում: «Փորձելու ենք ներգրավվել ուսանողներին: Նրանք մեծ ուժ են եւ պետք է հասկանան, որ մի քանի տարի անց հենց իրենք են ստիպված լինելու վճարել»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը:

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը կոշտ պայքարի կանցնի միայն Սահմանադրական դատարանի որոշում կայացնելուց մի քանի օր առաջ. «Ծայրահեղ, ավելի ճիշտ արմատական քայլերի կդիմենք մարտի 28-ից առաջ կամ եթե Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը մեր սրտով չլինի»:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: 76-րդ հոդվածը վերաբերում է պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվությանը։ Իսկ 86–րդ հոդվածի 3-րդ մասում ասվում է. «Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 39-րդ հոդվածով սահմանված կարգով»:

Նույն շարքից