Իրավական 

Դ!ԵՄ ԵՄ. Հրապարակային կոչ բոլոր գործատուներին

analitik.am

Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնությունը կոչով դիմել է բոլոր գործատուներին:Նախաձեռնության կոչում մասնավորապես ասվում է.

«Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի մինչեւ գործի դատաքննության ավարտը կասեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Սա նշանակում է, որ այժմ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաեւ հարկային գործակալները) ընդհուպ մինչեւ դատաքննության ավարտըպատասխանատվություն չեն կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Ինչպես նաեւ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները դեռեւս պարտավորված չեն կատարել կենսաթոշակային ֆոնդի եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն:

Ելնելով վերոնշյալից՝ դիմում ենք Ձեզ եւ հորդորում, հիմք ընդունել ՀՀ սահմանադրական դատարանի սույն աշխատակարգային որոշումը, ձեռնպահ մնալ դրանում նշված հոդվածների պահանջները կատարելուց, այն է՝ չկատարել Ձեր աշխատակիցների աշխատավարձերից որեւիցե պահումներ կուտակային պարտադիր վճարի պատրվակով:

Հավատացած եղեք, որ Ձեր աշխատակիցները մշտապես Ձեր կողքին են եղել, բազմաթիվ աշխատողներ երախտապարտ են եղել այն գործատուներին, ովքեր շտապել են բարձրացնել իրենց աշխատավարձերը: Սակայն հարկ է նկատել, որ դա հարցի լուծման օպտիմալ եւ ընդունելի տարբերակը չէ:

Համոզված ենք, որ շատ գործատուներ այսօր իրենց աշխատողների աջակցության կարիքն ունեն, իսկ աշխատողները պատրաստ են կանգնել իրենց գործատուների կողքին:

Դուք՝ գործատուներդ, այժմ ՍԴ աշխատակարգային որոշման միջոցով հնարավորություն ունեք առանց որեւէ տույժ կամ տուգանք կրելու կանգնել Ձեր աշխատողների կողքին: Ավելին՝ եթե մարտի 28-ի դատաքննության արդյունքում օրենքի վիճահարույց դրույթները Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեն ՀՀ սահմանադրությանը հակասող եւ անվավեր, աշխատողները չվերականգնվող ֆինանսական կորոստներ կարող են կրել, եթե նրանց աշխատավարձերից կուտակային ֆոնդերին կամ կամուրջ հաշվին փոխանցումներ իրականացվեն:

Մի՛ եղեք մասնակից հակաօրինական գործարքի, որի մասին բարձրաձայնել են հազարավոր քաղաքացիներ, ինչպես նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատը, իրավապաշտպան ՀԿ-ներ, ԱԺ 4 խմբակցություններ:

Մի մոռացեք, որ այս օրինական եւ արդարացի պահանջները բարձրացնող անձանց (պայքարողների) շարքերում են նաեւ Ձեր աշխատողները:

Արդյունքը երկար սպասել չի՛ տա՝ ՀՀ սահմանադրական դատարանը դիմումը քննության է առնելու ս. թ. մարտի 28-ին, եւ հավանականությունը մեծ է, որ օրենքի վիճահարույց հոդվածները կճանաչվեն ՀՀ սահմանադրությանը հակասող եւ անվավեր»:

Նույն շարքից