Իրավական 

Քեմբրիջի շրջանավարտը Վերաքննիչում փորձում է ապացուցել իր անմեղությունը

analitik.am

Վերաքննիչ  քրեական դատարանն այսօր՝ փետրվարի 4-ին, սկսեց «խոտի դեզի» գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր ճանաչված և համաներմամբ ազատ արձակված  Արամ Մուղալյանի, Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի և Արթուր Քլյանի վերաքննիչ բողոքի քննությունը:

Արամ Մուղալյանի փաստաբան Վահե Գաբրիելյանը դատական նիստին ընթերցեց իր վերաքննիչ բողոքը՝ թվարկելով առաջին ատյանի դատարանի թույլ տված խախտումները:  Փաստաբանը նշեց, որ դատաքննության արդյունքում ոչ մի ապացույց ձեռք չի բերվել Արամի և իր ընկերների՝ Նորապատ գյուղում լինելու վերաբերյալ: Նա ասաց, որ եթե նույնիսկ  տղաները եղել են Նորապատ գյուղում և կատարել են մեղադրական եզրակացության մեջ նշված արարքները, ապա դրանք չեն կարող որակվել որպես հանցագործություն, քանի որ դրանցում բացակայում է հանցակազմը:

Փաստաբանը նաև շեշտեց այն հանգամանքը,  որ առաջին ատյանի դատարանը չի հետազոտել գործով առկա ապացույցները, ինչպես նաև դատաքննության ժամանակ վկաների տված ցուցմունքները, որոնք հակասել են նախաքննության ժամանակ տված նրանց ցուցմունքներին:

«Դատարանը վերցրել է նախաքննության ընթացքում վկաների տված ցուցմունքները և արտագրել դատավճռում: Իսկ դատաքննության ժամանակ վկաներն այլ ցուցմունքներ են տվել: Մենք առաջին ատյանի դատարանին միջնորդություններ էինք ներկայացրել դեպքի վայրի զննության, փորձագիտական եզրակցությունների հետ կապված, որոնց նա չանդրադարձավ: Բացի այդ նախաքննությունը կատարվել էր դրա համար սահմանված ժամկետը լրանալուց հետո, ինչը օրենքի խախտում է»,- դատական նիստի ավարտին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահե Գաբրիելյանը՝ նշելով, որ գործով դատավճիռը նույն մեղադրական եզրակացությունն է՝ դատարանի կնիքը վրան դրված:

Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանում ուսանած Արամ Մուղալյանն իր երեք ընկերների` Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի և Արթուր Քլյանի հետ մեղադրվում էին Արմավիրի Նորապատ համայնքի բնակիչներից Սիաբանդ Խուդոյանի խոտը դեզը միտումնավոր ծխահարելու մեջ:Նրանց  դեմ քրեական գործ էր հարուցվել խուլիգանության և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձի մեղադրանքով: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց մեղավոր ճանաչեց  հոկտեմբերի 15-ին և համաներմամբ ազատ արձակեց նիստերի դահլիճից:

Նույն շարքից