Իրավական 

Կարիք կա նվաճելու մեր իրավունքը. «Դ!ԵՄ ԵՄ»

analitik.am

Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել, տեղեկացնելու, որ այսօր ՀՀ կառավարության երրորդ շենքի դիմացից հավաք-երթ են անցկացնելու՝ ի նշան բողոքի:

«Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշումից հետո կարիք կա նվաճելու մեր իրավունքը»,- ասաց քաղաքագետ Դավիթ Մանուկյանը:

Ասուլիսի մասնակիցներն ասացին, թե մի շարք կազմակերպություններ կան, որոնք հակառակ Սահմանադրական դատարանի որոշման, առանց աշխատակիցների կարծիքը հարցնելու արդեն պահումներ են արել նրանց աշխատավարձերից և նրանց ստիպում են, որպեսզի ընտրեն իրենց կուտակային կենսաթոշակների ֆոնդերի կառավարիչներին:

«Հարց ենք ուղղում այդ գործատուներին, իրենք ինչպե՞ս են փոխհատուցելու այն գումարները, որ առանց աշխատողի կարծիքը հարցնելու պահումներն արել են և փոխանցել ինչ-որ հիմնադրամների»,-ասաց Դավիթ Մանուկյանը՝ շարունակելով, թե ստեղծված քաոսի պատասխանատուն Կառավարությունն է:

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներն ասացին, թե երբ իրենք առաջարկել են եթերում բանավիճել օրենքի ներկայացուցիչների հետ, նրանք միշտ հրաժարվել են:

«Պետական այրերն ասում են, թե մենք՝ երիտասարդներս, էմոցիոնալ ենք, ծերության մասին չենք մտածում, բայց պետք է ասեմ, որ ամոթ է, երբ պետական այրն է նման հայտարարություն անում, մենք ավելի պրագմատիկ ենք, քան՝ իրենք»,- հայտարարեց Դավիթ Մանուկյանը:

Ասուլիսի մյուս բանախոս, ծրագրավորող Գևորգ Գորգիսյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ ատոմակայանի և «Հայփոստի» աշխատակիցներն իրենց աշխատավարձերը ստացել են պահումներով: Գևորգ Գորգիսյանն ասաց նաև, որ ատոմակայանի 400 աշխատակիցներ արդեն ստորագրահավաք են կազմակերպել:

Բանախոսներն ասացին, որ Аզգային ժողովը ևս իր աշխատակիցներից արդեն պահումներ է արել: Կան մի շարք պատգամավորներ, ովքեր ընկնում են այդ օրենքի գործունեության տակ, սակայն նրանցից պահումներ չեն արվել:

«Կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին՝ պաշտպանել իրենց աշխատակիցների շահերը»,- ասացին բանախոսները շարունակելով, որ փետրվարի 8- «Դ!ԵՄ ԵՄ»-ի նախաձեռնողները մեկնելու են Վանաձոր՝ մասնակցելու այնտեղ անցկացվելիք հավաք-երթին:

«Պատրաստ ենք և մեկնելու ենք բոլոր այն մարզեր, որտեղ նմանատիպ ակցիաներ կկազմակերպվեն»,- ասացին ասուլիսի բանախոսները:

Նույն շարքից