Իրավական 

«Դեմ եմ»-ը դառնում է համապետական շարժում. ակցիաներ մարզերում

analitik.am

Ոչ ոք իրավունք չունի ձեզ ստիպել ֆոնդ ընտրել։ Այս մասին «Դեմ եմ» շարժման մասնակիցները փետրվարի 6-ին հայտարարեցին Երեւանի քաղաքապետարանի մոտ՝ քաղաքապետարանի աշխատակիցներին կոչ անելով չենթարկվել իրենց ղեկավարության ճնշումներին եւ թույլ չտալ, որ խլեն իրենց աշխատավարձերը եւ հակասահմանադրական, կամայական որոշումներով պարտադիր կուտակային կենսաթոշակային 5% գանձում կատարել իրենց աշխատավարձերից։ 

«Արդեն ստացել ենք բազմաթիվ ահազանգեր, որ քաղաքապետարանը ճնշում է գործադրում իր աշխատակիցների եւ իրեն ենթակա կառույցների աշխատակիցների վրա, վերեւից իջեցվել է հրաման, որ ստիպեն բոլոր քաղծառայողներին կատարել ֆոնդերի ընտրություն եւ պարտադիր վճարումները։ Արդեն այս հրամանն  ի կատար է ածվել թաղապետարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում»։

Քաղաքապետարանի աշխատողներին, տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին ակցիայի մասնակիցները կոչ արեցին ինքնակազմակերպվել անօրինականությունների դեմ՝ հիշելով, որ բոլոր ճնշումները այս հարցում հակաօրինական են, քանի որ առկա է Սահմանադրական դատարանի որոշումը, որով պարտադիր վճարումները չկատարող անձինք ժամանակավորապես՝մինչեւ մարտի 28-ը, ազատվում են սահմանված տուգանքներից։ 

Ակցիայի մասնակիցները նաեւ տեղեկացրին, որ իրենց հաջորդ քայլը լինելու է մարզային բողոքի ակցիաները։ «Մեր հաջորդ բողոքի ակցիան կլինի փետրվարի 8-ին Վանաձորում։ Լինելու ենք բոլոր մարզերում։ Սա դառնալու է համաժողովրդական եւ համահանրապետական շարժում։ Համընդհանուր ձեւով դուրս ենք գալու եւ պահանջելու ենք այս հակասահմանադրական օրենքի վերջնական կասեցում։ Չեն զիջելու, չենք նահանջելու, շարժումն ավելի մեծ թափ է հավաքելու, մենք դուրս ենք եկել անտարբերության մթնոլորտից»,- հայտարարեցին ակցիայի «Դեմ եմ» շարժման անդամները։

Հավաքվածներն անընդհատ վանկարկում էին «Հաղթանակ, հաղթանակ», «Միացում»։

Նկատենք, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որի ղեկավարությամբ այսօր մեծաթիվ ոստիկանները հսկում էին երթի ընթացքը, երթի ժամանակ պարբերաբար փնտրում էր երթի կազմակերպիչներին։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի երթը մեկնարկել էր Կրթության եւ գիտության նախարարության շենքի մոտից դեպի Ֆինանսների նախարարություն, կառավարություն, այնուհետեւ ԿԲ, ՊԵԿ եւ քաղաքապետարան։

Նույն շարքից