Իրավական 

Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՔԾ պետին

analitik.am

Փաստաբանների պալատի նախագահը դիմել է Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին: Պալատի նախագար Արա Զոհրաբյանի դիմումի մեջ ասված է.

«ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի պաշտոնակատար Վ.Գ.Ավետիսյանը 03.02.2014թ. «Հարցաքննության կանչելու մասին» ծանուցագիր է ուղարկել փաստաբան Թամարա Մալխասյանին՝ հրավիրելով նրան որպես վկա այսօր ժամը 17.00-ին։ Ծանուցագրում նշվել է, որ Թամարա Մալխասյանը հրավիրվում է ՀՀ ՀՔԾ-ում խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով։

Հեռախոսազրույցի ընթացքում, որպես քննիչ հանդես եղած Վ. Ավետիսյանը Թամարա Մալխասյանին տեղեկացրել է, որ քրեական գործն առնչվում է տուժող Անահիտ Ռուբենի Սահակյանին, որի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործը։ Նկատի ունենալով այն, որ Թամարա Մալխասյանը ներկայացրել է Անահիտ Սահակյանի շահերը քաղաքացիական գործերով, նա հրավիրվել է այդ գործերից մեկի հետ կապված որոշ տեղեկություններ ճշտելու համար։

Գտնում ենք, որ փաստաբան Թամարա Մալխասյանը չի կարող կանչվել, որպես վկա հարցաքննության համար, հետեւյալ պատճառաբանությամբ.

Թամարա Մալխասյանը հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան (արտոնագիր N 251)։

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ արգելվում է փաստաբանին որպես վկահարցաքննել այն հանգամանքների վերաբերյալ, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնությունցույց տալու կամ իրեն դիմելու կապակցությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ որպես վկա չեն կարողկանչվել եւ հարցաքննվել` փաստաբանները` պարզելու համար տեղեկություններ, որոնք նրանց կարող ենհայտնի լինել կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ։

ՄԱԿ-ի 8-րդ կոնգրեսի կողմից ընդունված «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ»-ի 22-րդ կետի համաձայն՝ Կառավարությունները ընդունում եւ ապահովում են իրավաբանների եւ նրանց հաճախորդներիցանկացած հարաբերությունների ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը` նրանց մասնագիտականառնչությունների շրջանակներում:

Վերոհիշյալ նորմերից հետեւում է, որ փաստաբան Թամարա Մալխասյանը չի կարող կանչվել իր վստահորդ Անահիտ Սահակյանին առնչվող քրեական գործով, որպես վկա, քանի որ իր վստահորդի հետ կապված հանգամանքների մասին իր տեղեկությունները ստացվել են իրավաբանական օգնություն ցույց տալու առնչությամբ։

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ փաստաբանների պալատի խնդիրներից է պաշտպանել իր անդամների իրավունքները եւ օրինական շահերը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաեւ դատարանում։

Վերոգրյալի հիման վրա եւ հաշվի առնելով «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջը, խնդրում եմ՝

- փաստաբան Թամարա Մալխասյանին, որպես վկա հարցաքննության կանչելու քննիչի պաշտոնակատարի գործողությունը, կանխել»։

Նույն շարքից