Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հանդես է եկել կուտակային կենսաթոշակային նոր օրենքի մասին հայտարարությամբ:
Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշումից հետո Կենտրոնական բանկ են ներկայացվել վերը նշված որոշման կատարումն ապահովելու եւ վիճարկվող դրույթների կասեցումից բխող գործողություններ ձեռնարկելու պահանջներով բազմաթիվ գրություններ:
«Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը անհրաժեշտ է համարում անդրադառնալ մտահոգությունների եւ տարակարծությունների տեղիք տվող խնդիրներին:
Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ի աշխատակարգային որոշմամբ կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ պարտադիր կուտակային վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվությանը, ինչպես նաեւ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից մինչեւ սույն թվականի հունվարի 1-ը կենսաթոշակային ֆոնդ եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընտրելու պարտավորությանը վերաբերող դրույթները: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել: Հետեւաբար՝ Կենտրոնական բանկը փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ կուտակային բաղադրիչի մասնակիցների՝ կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն եւ հիշեցնում, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռեւս վիճարկման փուլում է: Ուստի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորում է ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետեւանքները, թերեւս, ավելի ծանր կլինեն եւ կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը:
Հայտնում ենք նաեւ, որ օրենքի կասեցված դրույթների կիրարկումն ապահովող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ակտերը չեն խոչընդոտում ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման կատարմանը, ուստի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վիճարկվող դրույթների կասեցումից բխող միջոցառումներ ձեռնարկելու խնդիր ներկա փուլում չունի:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր պատրաստակամությունն է հայտնում իր լիազորությունների շրջանակում աջակցել կուտակային բաղադրիչի մասնակիցներին իրազեկելու եւ տեղեկատվության հասանելիությունն ապահովելու հարցում»,- ասվում է հայտարարության մեջ: