Իրավական 

ՌԴ-ում աշխատանքի թույլտվություն ստանալը բարդ չէ. Միգրացիոն ծառայության պետ

analitik.am

Հայաստանի քաղաքացիների համար դժվար չի լինի Ռուսաստանում աշխատանքի թույլտվություն ստանալը, փետրվարի 8-ին հայտարարել է Հայաստանի պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ արտագաղթին նվիրված քննարկման ժամանակ։ 

Մեկնաբանելով Ռուսաստան մուտքի եւ ելքի մասին վերջերս ընդունված օրենքներին, որոնք ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից, Եգանյանն ընդգծել է, որ օրինագիծը հարկավոր է ճիշտ հասկանալ։  «Ռուսաստանում գտնվելու  90-օրյա ժամկետը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք  աշխատանքային պայմանագրեր կամ թույլտվություն չունեն։ Իսկ թույլտվություն ստանալը բավական դյուրին է։ Հարկավոր է ընդամենը դիմել Դաշնային միգրացիոն ծառայության տարածքային բաժին», - հայտարարել Եգանյանը։ Աշխատանքային քվոտան կազմում է 2-3 մլն մարդ, եւ Հայաստանի համար գրեթե անսպառ է, հավելել է նա։

Եգանյանն ընդգծել է, որ աշխատանքի թույլտվությունը կարելի է երկարացնել՝ առանց Ռուսաստանը լքելու: Աշխատանքային միգրանտը միայն պետք է նշի, թե որ ձեռնարկությունում է պատրաստվում աշխատել:  «Թույլատրվում է աշխատել նաեւ ֆիզիկական անձանց մոտ: Այդ դեպքում  անհրաժեշտ է  ստանալ մինչեւ 3 ամսվա փաթեթ: Սակայն այդ դեպքում էլ այն կարելի է երկարացնել՝ մնալով Ռուսաստանում», - հայտարարել է Եգանյանը:

«Ըստ մեր ունեցած տվյալների՝ ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ չի ստեղծում եւ բավարարում է պահանջներին համապատասխանող բոլոր հայտերը: Գործընթացը բարդ չէ, անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը եւ 2 հազար ռուբլի, ինչպես նաեւ բժշկական տեղեկանք՝ սոցիալական վտանգավոր հիվանդությունների բացակայության վերաբերյալ», - նշել է Եգանյանը:

Հաշվի առնելով ՀՀ բազմաթիվ քաղաքացիների համար հարցի կարեւորությունը ՝ ՀՀ Միգրացիոն ծառայությունը պարբերաբար տեղեկություն է հրապարակում ՌԴ-ում աշխատանքային ներգաղթյալների գտնվելու ռեժիմի մասին իր smsmta.am կայքում: «Մանրամասն տվյալներ կարելի է ստանալ նաեւ սկզբնաղբյուրից՝ Ռուսաստանի ԴՄԾ-ից (fms.gov.ru): Վերջերս այնտեղ մեկնարկել էր նաեւ տեղեկատվական համակարգ: Այնտեղ մուտքագրելով անձնական տվյալները՝ կարելի է իմանալ՝ թույլատրվում է արդյոք մուտքը Ռուսաստան, թե՝ ոչ», - նշել է Եգանյանը:

Նույն շարքից