Իրավական 

Մեքենաներն ապահովագրած վարորդներին տուգանում են. «Աքիլլես» ՀԿ նախագահ

Ավտովարորդների պաշտպանության «Աքիլլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց, որ մի քանի օր շարունակ իրենց կազմակերպությունը բողոքներ ու ահազանգեր են ստանում վարորդներից, որ իրենք իրենց մեքենաներն ապահովագրել են, սակայն նրանց տուգանում են:

«Այն վարորդները, ում նկատմամբ կիրառվել է նմանատիպ խախտումներ, որ իրենք չեն կատարել, պետք է դիմեն ապահովագրական ընկերությանը, և այդ տուգանքը կհանվի իրենց վրայից»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:

«Երբ վարորդը չգիտի կանոնները, չի կարող իրեն պաշտպանել, բայց ի տարբերություն մի երեք-չորս տարիներ առաջվա հետ, անհամեմատ փոխվել է իրավիճակը»,- ասաց բանախոսը, ավելացնելով, որ տեսախցիկների առկայությունն էլ է նպաստում նրան, որ վարորդներն ավելի զգոն լինեն և հետևեն կանոններին:

«Աքիլլես» ՀԿ-ի ղեկավարն ասաց նաև, որ մարդիկ կան, որ տարիներ առաջ լիազորագրերով վաճառել են իրենց մեքենաները, բայց դեռ այդ քաղաքացիների վրա տուգանք է գալիս:

«Սա ևս վարորդներին մտահոգող հարց է, ու սրա վերաբերյալ էլ ենք բողոքներ ստանում»,- նշեց Էդուարդ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, թե վարորդների մոտ առաջացած բազմաթիվ հարցերի վերաբերյալ իրենք դիմում են Ոստիկանությանը, Տրանսպորտի ր կապի նախարարությանը:

Տաքսու վարորդները բողոքում են, որ իրենք դիմում են ապահովագրական ընկերություններին, սակայն իրենց չեն ապահովագրում: Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ իրենք հորդորում են վարորդներին, որպեսզի բողոքների դեպքում ոչ թե ուղղակի ահազանգեն, այլ դիմեն գրավոր, որպեսզի իրենք կարողանան գործին ընթացք տալ:

Ինչ վերաբերում է դատական համակարգին, Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, թե դրանից իրենք գոհ են, որովհետև հիմնականում դատերը շահում են:

Նույն շարքից