Չի կարող լինել անարդար որոշում, այլ հարց է, որ որեւէ որոշումից մի կողմը կամ մյուս կողմը դժգոհություն ունի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ով իր նշանակվելուց հետո առաջին անգամ հանդիպեց լրագրողներին:
Համակարգի կադրային փոփոխություններին անդրադառնալով ասել է. «Նրանք դատական համակարգի ծառայողներ են եւ ծառայությունը շարունակում են անկախ նրանից, թե ով կլինի գլխավոր դատախազ, ով ՝ ոչ: Մենք ընդամենը ապահովում ենք, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ, սուբյեկտ, ով պրոֆեսիոնալիզմ եւ ազնվության ու արդարության զգացում ունի, զբաղեցնում է իր արժանի տեղն այդ համակարգում»:
Դիտարկմանը, թե այդ փոփոխություններից հետո արդարադատության մասով առաջընթաց չի գրանցվում, Կոստանյանն արձագանքել է. «Արդարադատությունը որոշակի փաստերի համակցություն է, որի արդյունքում է հանգեցվում այն ակնկալիքին, որը հասարակությունը տեսնում է: Ես ձեզ վստահեցնում եմ ընդամենը մի բան, չի կարող լինել անարդար որոշում, այլ հարց է, որ որեւէ որոշումից մի կողմը կամ մյուս կողմը դժգոհություն ունի: Անարդարությունը ես բացառում եմ, եթե կան նման պրոցեսներ, ցանկացած պարագայում որեւէ իրավապահ համակարգի կողմից կարող են որոշակի, նվազագույն դրսեւորումներ ունենալ, այնուամենայնիվ վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր նման դրսեւորման ընթացքում մեղավոր եւ պատասխանատու անձինք կենթարկվեն պատասխանատվության, այդ թվում քրեական»:
Նշենք, որ կառավարության շենքից դուրս գալուց հետո Գեւորգ Կոստանյանը լսեց բանակում սպանված զինվորների ծնողներին: Քննչական գործերում առաջխաղացում չտեսնելու ծնողների դժգոհությունները լսելուց հետո Կոստանյանը խոստացավ նրանց հետ առանձին հանդիպել:
Կոստանյանը առաջարկեց հարցը քննարկել պրոֆեսիոնալ հարթության մեջ ՝ հանդիպելով տուժողների փաստաբանների կամ իրավական ներկայացուցիչների հետ: