‹‹Մենք լրջորեն անհանգստացած ենք ‹‹Չորրորդ իշխանություն›› թերթի թղթակից Անի Գեւորգյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան› Կարեն Անդրեասյանը:
«Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, առավել եւս՝ նրա նկատմամբ բռնությունը, քրեորեն պատժելի են եւ խիստ դատապարտելի, հատկապես, եթե այդ հանցագործությունները կատարվել են պետական պաշտոնյաների կողմից:
Նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ, խիստ եւ համաչափ արձագանքն է։
Առաջնորդվելով բոլոր անձանց անմեղության կանխավարկածով՝ միաժամանակ զերծ ենք մնում առավել հստակ գնահատականներից եւ ակնկալում ՀՀ հատուկ քննչական ծառայության պատշաճ եւ բազմակողմանի քննությունը, ինչպես նաեւ դրա արդյունքների վերաբերյալ հանրությանը սեղմ ժամկետներում իրազեկումը»,-ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ: