Իրավական 

Արտահերթ նիստ՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստին այսօր ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է տեղեկատվություն` 2014թ. մարտի 9-ին թվով 53 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: Արմեն Սմբատյանը նշել է, որ ավարտվել է թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետը. առաջադրված համայնքի ղեկավարի 95 թեկնածուներից գրանցվել են 85-ը, իսկ ավագանու անդամ առաջադրված 329 թեկնածուներից գրանցվել են 327-ը: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

 

Թեկնածուներն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև փետրվարի 27-ը: Մարտի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ս.թ. փետրվարի 19-ից մարտի 7-ն է: Ընտրությունների անցկացման համար սահմանված կարգով ձևավորվել է 56 տեղամասային ընտրական հանձնաժողով, որոնց առաջին նիստերը տեղի կունենան փետրվարի 15-ին` ժամը 12.00-ին:

 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստով համալրել է Երևանի թիվ 3 և թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը: Թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում է նշանակվել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած միակ թեկնածու Աշոտ Արտեմի Բալյանը: Թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում է նշանակվել դիմում ներկայացրած միակ թեկնածու Նաիրի Ժորայի Մնացականյանը:

Նույն շարքից