Իրավական 

Դատական հայց ընդդեմ Մետրոպոլիտենի

Երեկ աշխատանքից ազատված Երևանի մետրոպոլիտենի երեք աշխատողները պատրաստվում են գործատուի նկատմամբ հայց ներկայացնել դատարան: Այս մասին արդեն գործազուրկ աշխատակիցները տեղեկացրին լրագրողների հետ հանդիպմանը: Նրանք նշեցին, որ իրենց երեքին՝ Գագիկ Գալստյանին, Անդրանիկ Գևորգյանին և Սևակ Հովհաննիսյանին, աշխատանքից ազատել են Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անվստահություն աշխատողի հանդեպ:

«Մենք գրավոր նկատողություն չենք ստացել, 15 տարի է աշխատում ենք մետրոպոլիտենում: Հենց իրենք մեզ հետ անձնական զրույցում ասացին, որ հեռացնում են, քանի որ կազմակերպել ենք բողոքի ակցիա, մեղադրում էին լրագրողներ հրավիրելու, «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը կանչելու, ընդհանրապես նրանց հետ շփվելու համար: Մեզ ակցիայից ընդամենը կես ժամ հետո կանչել են փոխտնօրենի մոտ և մեր պետ Սամվել Մնացականյանն է մեր նկատմամբ անվստահություն հայտնել»,- ասաց Անդրանիկ Գևորգյանը, ով, ի դեպ, ծնվել է 1973թ-ին և պարտադիր կուտակային բաղադրիչը իրեն չի վերաբերում:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Երևանի մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատողներ դուրս էին եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի:

 

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն ընդգծեց, որ իրենք ունեն իրավաբան ընկերներ, որոնք կօգնեն իրենց իրավունքների համար պայքարող և աշխատանքից ազատված քաղաքացիներին: Անդրադառնալով ընդհանրապես կատարվածին, Դավիթ Մանուկյանը նշեց, որ անօրինական է առանց գրավոր զգուշացման աշխատողին աշխատանքից ազատելը:

 

«Սա մարդու իրավունքների խախտում է և փորձ է ճնշում գործադրել նախաձեռնության վրա: Փորձում են հասարակության մոտ վախի մթնոլորտ ստեղծել։ Սա կլինի մեր առաջին հայցը, բայց ոչ վերջինը: Կարծում եմ, որ հայցերի մեծ մասը կվերաբերեն պահումներին: Այս մարդիկ իրականում պատվաբեր է, որ վախկոտ չեն եղել, դա պետք է օրինակ լինի բոլորի համար: Իսկ ո՞ւր է ընդհանրապես մետրոպոլիտենի արհմիությունը, ինչո՞ւ որևէ կերպ չի արձագանքում, չի պաշտպանում աշխատակիցներին»,- ասաց նա:

 

Դավիթ Մանուկյանը նաև նշեց, որ իրենք արդեն մտածում են նոր հանրահավաքի մասին, սակայն դեռևս հստակ չէ, թե այն երբ կհրավիրվի:

 

Նույն շարքից