Կանադայի զինվորական հուշարձանների բազմակի պղծման համար բանտ կնստեցնեն: Համապատասխան օրինագիծը, որը փոփոխություններ է նախատեսում երկրի Քրեական օրենսգրքում, ներկայումս քննարկվում է խորհրդարանի կողմից: Ստորին պալատն արդեն հավանություն է տվել նախագծին:
Հուշարձան պղծելիս առաջին անգամ բռնվելու դեպքում չարագործը կտուգանվի առնվազն 1000 դոլարով: Կրկնակի պղծելու դեպքում կսահմանվի առնվազն 14-օրյա ազատազրկում: Հետագա խախտումների դեպքում չարագործը բանտ կուղարկվի առնվազն 30 օր ժամկետով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Երկրում հաշվվում է 6700 զինվորական հուշարձան:
Օրինագծի նախաձեռնողի դերով է հանդես եկել Պահպանողական կուսակցությունից Համայնքների պալատի անդամ Դևիդ Թիլսոնը:
Նա կարծում է, որ զինվորական հուշարձանների պղծումը լուրջ իրավախախտում է, որը դուրս է գալիս խուլիգանական արարքների շրջանակից: