Հայաստանում հարկային հաշվառման ոլորտում հաշվետվություների էլեկտրոնային ներկայացման համակարգն իր որոշակի էլեմենտներով` ինքնաշխատ եղանակով հարկերի եւ վճարների հաշվարկ կատարող հաշվիչների կիրառմամբ խախտում է «Հարկերի մասին» ՀՀ Օրենքով ամրագրված` հարկատուներին վերապահված իրավունքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Քաղաքացի-Հարկատու-Բիզնես Իրավապաշտպան կազմակերպությունը», որը վերջին շրջանում տարբեր հարկատուներից ստանում է դժգոհություններ:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«Մինչ օրս այդ խնդիրն մտահոգել է շատ հարկատուների, սակայն այն առավել սուր է դրված այժմ` կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների շուրջ ստեղծված իրավիճակով: Կուտակային վճարների մասով այս խնդրին օրեր առաջ անդրադարձել է նաեւ ԴԵՄ ԵՄ շարժումը:
Ուսումնասիրելով իրավիճակը եւ գալով այն եզրահանգման, որ էլեկտրոնային հաշվետվություններում ներառված հարկերի եւ վճարների հաշվարկման ինքնաշխատ բաղադրիչները թեեւ ամենայն հավանականությամբ ՊԵԿ կողմից ներդրվել են հարկատուների համար հաշվարկների լրացման դյուրացման նպատակով, այնուամենայնիվ հակասում են ՀՀ օրենսդրությանը` սահմանափակելով հարկատուների իրավունքները այդ թվում նաեւ օրենքով սահմանված իրենց պարտականությունների կատարման հնարավորությունից զրկելով:
Այս կապակցությամբ դիմել ենք ՊԵԿ` առաջարկելով.
• Հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ քան հունվար ամսվա համար եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարների վերաբերյալ հաշվարկների (այդ թվում անձնավորված) ներկայացման վերջնաժամկետը համապատասխան հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակներից հանել կամ անջատել եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարների գումարներն ավտոմատ կերպով հաշվարկող էլեմենտները` հնարավորություն տալով հարկատուներին ինքնուրույն լրացնել էլեկտրոնային հաշվետվությունների բոլոր ցուցանիշները:
• Հետագայում էլեկտրոնային այլ հաշվետվությունների ձեւերից բացառել մյուս բոլոր ավտոմատ հաշվարկման համակարգերը` տալով հարկատուներին ՀՀ Օրենսդրույթամբ սահմանված եւ ՊԵԿ կողմից եւս հռչակված հաշվարկ-հաշվետվությունների ինքնուրույն կատարման եւ ներկայացման հնարավորություն:
• Առաջին կետով նշվող ծրագրային փոփոխությունների կատարման հետկապված ժամկետային խնդիրների առկայության դեպքում նախաձեռնել եւ համապատասխան որոշմամբ երակարձգել նշված հաշվետվությունների հանձնման վերջնաժամկետները` մինչ հարկատուներին կընձեռնվի հաշվարկներն ինքնուրույն կատարելու իրական հնարավորություն:
Բանն այն է, որ Հարկերի մասին ՀՀ Օրենքի 3-րդ` Հարկ վճարողների իրավունքները, պարտականությունները եւ հսկողությունը հարկերի վճարման նկատմամբ գլխի 15-րդ հոդվածի ա) կետի համաձայն հարկ վճարողը պարտավոր է ՀՀ Կառավարության կողմից սահմանված կարգով կազմել հաշվետվություններ իր ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ:
Նույն հոդվածի բ) կետով սահմանվում է, որ հարկ վճարողը «հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում ինքնուրույն հաշվարկել սահմանված հարկերի գումարները եւ իրականացնել դրանց վճարումը բյուջե»:
Ինչպես տեսնում ենք հարկային հաշվառումը, հարկային մարմիններ-հարկատու իրավահարաբերությունները կարգավորող հիմնական` Հարկերի մասին ՀՀ Օրենքով իսկ որպես հարկ վճարողի պարտավորություն է սահմանվում հաշվետվությունների եւ հաշվարկների ինքնուրույն կազմումը եւ կատարումը, հետեւաբար եւ բնականաբար` նաեւ հարկային մարմին ներկայացումը (այդ թվում նաեւ էլեկտրոնային եղանակով):
Այսինքն, օրենքից հետեւում է, որ հարկ վճարողը ոչ թե իրավունք ունի այլ պարտավոր է հաշվարկ հաշվետվությունները կազմել եւ հարկային մարմին ներկայացնել ինքնուրույնաբար:
Հարկերի մասին ՀՀ Օրենքի 22-րդ հոդվածով սահմանվում է, որ “հարկերը ճիշտ հաշվարկելու պատասխանատվությունը կրում են հարկ վճարողներն ու դրանց` պաշտոնատար անձինք”, այլ ոչ թե հարկային մարմինն` էլեկտրոնային հաշվետվությունների ձեւերում ներառելով հաշվարկման ավտոմատ` սեփական մեխանիզմներ:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների գծով հաշվարկների ներկայացման մասով պետք է նկատի ունենալ (թեեւ պարտադիր կուտակային վճարներն հարկեր չեն), որ Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ Օրենքը հաշվարկների ներկայացման մասով հղում է կատարում Եկամտային հարկի մասին ՀՀ Օրենքին:
Ավելին` նույն օրենքով սահմանվում է, որ հարկային մարմինը կարող է հայտնաբերել հաշվարկներում տեղ գտած սխալներն իրականացվող ստուգումների ընթացքում:
Ասվածից եւս հետեւում է, որ պարտադիր կուտակային վճարների գծով եւս հարկատուների` հարկային գործակալների համար եւս սահմանված է հաշվարկներն ինքնուրույն կատարելու սկզբունքը եւ ըստ էության այդպիսի իրավունք, իսկ ՊԵԿ համար սահմանված է սխալները ստուգմամբ հայտնաբերելու իրավունք այլ ոչ թե դրանց` ավտոմատ հաշվիչների միջոցով կանխարգելման իրավունք:
Եկամտային հարկի մասին ՀՀ Օրենքի համաձայն, որին եւ հաշվարկների ներկայացման մասով հղում է կատարվում Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ Օրենքում (այսինքն այս մասով կարգավորումները սահմանվում են Եկամտային հարկի մասին ՀՀ Օրենքով), եւս չի սահմանվում հաշվարկների կազմման եւ ներկայացման այլ եղնակ քան ինքնուրույնն է :
Հուսով ենք, որ ՊԵԿ-ը դրական կարձագանքի այս առաջարկին, որը կնպաստի հարկատուների`հաշվարկ հաշվետվություններն ինքնուրույնաբար կազմելու եւ ներկայացնելու իրավունքի ապահովմանը, իսկ մյուս կողմից` լավագույն լուծումը կլինի պարտադիր կուտակային վճարների շուրջ ստեղծված իրավիճակում եւ հնարավորություն կտա օրենքի դաշտում գտնվելու այն հարկատուներին որոնց աշխատակիցները միանգամայն օրինական կերպով (հիմք ընդունելով ՍԴ որոշումը) առայժմ չեն ցանկանում որպեսզի իրենց աշխատավարձից վճարվեն` հետեւաբար նաեւ պահվեն կուտակային վճարներ:
Հակառակ պարագայում հարկատուներն ստիպված են լինելու փնտրելու իրենց իրավունքների վերականգնման այլ իրավական եղանակներ:
Հ.Գ. ՊԵԿ գրության պատճեներն ուղարկվել են նաեւ ՀՀ Վարչապետ Տ. Սարգսյանին եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կ. Ավետիսյանի խնդրանքով` հետամուտ լինել հարցի լուծմանը»: