ՄԱԿ-ը ներկայացրել է զեկույց՝ նվիրված Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի գործունեությանը։ Հյուսիսկորեացի առաջնորդին մեղադրել են մարդկության դեմ հանցագործությունների, բռնություների, զանգվածային սպանությունների և ցեղասպանության համար, գրում է ДНИ.ru-ն։
Զեկույցի համար ապացույցներ միջազգային հանձնաժողովը հավաքել է մի ամբողջ տարի։ Արդյունքում՝ 372 էջանոց զեկույցը ներկայացվել է Ժնևում։ Զեկույցի մի օրինակ՝ կցված նամակով, ուղարկվել է Կիմ Չեն Ընին։ Նամակում առաջնորդին զգուշացրել են, որ նա պատասխանատվություն է կրում իր ռեժիմի իրականացրած հանցագործությունների համար և պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ։
«Հյուսիսային Կորեայի ցանկացած պատասխանատու անձ, ով հրամաններ է տալիս մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու համար, իրականացնում է կամ աջակցում է իրականացմանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»,- նամակում նշել է հանձնաժողովի ղեկավար Մայքլ Կիրբին։
Միջազգային տրիբունալի դատական հետապնդմանը կարող են ենթարկվել նաև հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաներ։
Փաստաթղթում նշվում են նաև բազմաթիվ կոնկրետ փաստեր ճնշումների, կանանց և երեխաների հանդեպ բռնությունների վերաբերյալ։