Թուրքիայի մայրաքաղաքի հաշտարար դատարանը որոշում է կայացրել, որով ինտերնետի ազգային սեգմենտից արգելափակվում է YouTube տեսահոսթինգը, որը նախօրեին արգելափակել էին այդ երկրի իշխանությունները:
ԻՏԱՐ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այս վճիռը վերջնականապես օրինականացնում է Թուրքիայի Կապի և հեռահաղորդակցության վարչության գործողությունները:
Դատարանը նման որոշում է կայացրել, երբ YouTube-ի ղեկավարությունը չի հեռացրել Թուրքիայի կառավարության անդամների և ուժային կառույցների ներկայացուցիչների գաղտնի հանդիպման ձայնագրությունը, որից պարզ է դառնում, որ Թուրքիան Սիրիայի դեմ պատերազմ ձեռնարկելու մտադրություն ունի:
YouTube-ի արգելափակումը քննադատության պատճառ է դարձել թուրքական հասարակության, միջազգային կազմակերպությունների և օտար պետությունների շրջանում: Անկարան իր որոշումը հիմնավորում է ազգային անվտանգության նկատառումներով:
YouTube-ի արգելափակումից մեկ շաբաթ առաջ էլ՝ մարտի 20-ին, այդ երկրում արգելափակվել էր Twitter սոցիալական կայքը: