Թուրքիայի Սահմանադրական դատարանը Twitter-ի միկրոբլոգների ծառայության արգելափակումը օգտատերերի իրավունքների խախտում է համարել եւ որոշել չեղյալ հայտարարել տվյալ որոշումը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Թուրքիայի ՍԴ-ն արգելափակումը հանելու պահանջ է ներկայացրել Հեռահաղորդակցության դեպարտամենտին եւ Տրանսպորտի, նավագնացության եւ կապի նախարարությանը: «Հասանելիության անհիմն սահմանափակումը հակասում է իրավական պետության սկզբունքներին»,-ասված է Թուրքիայի ՍԴ որոշման մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Թուրքիայի վարչապետ Ռեջոփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ մտադիր է արգելափակել Twitter-ի միկրոբլոգների ծառայության հասանելիությունը, եւ ընդգծել, որ Թուրքիային չի անհանգստացնում միջազգային հանրության արձագանքը: Հաջորդ օրը երկրում արգելափակվել է այդ սոցիալական ցանցի հասանելիությունը:
Մարտի 27-ի երեկոյան արգելափակվել է նաեւ Youtube վիդեոհոսթինգը, երբ այնտեղ Թուրքիայի ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների մասին տեսանյութ է տեղադրվել, որտեղ նրանք քննարկել են Սիրիա հնարավոր ռազմական ներխուժման հարցը:
Այս որոշումը բուռն հակազդեցություն է առաջացրել թուրքական հասարակությունում: Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով հանել արգելափակումը:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ համաձայն չէ Էրդողանի որոշման հետ: