Եթե որևէ անձի կողմից մինչև սեպտեմբերի 30-ը չիրականացվի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի բոլոր դրույթները, ապա դա կառաջացնի իրավական հետևանքներ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր զգուշացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` անդրադառնալով երեկ Սահմանադրական դատարանի կողմից օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու մասին որոշմանը:
«2006-ից, երբ ՍԴ-ի մասին օրենքը ընդունվեց, ամրագրվեց մի քանի ընթացակարգ նրա որոշումը ուժի մեջ մտնելու մասին: ՍԴ-ի որոշումը կարգավորվում է ՍԴ-ի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասով, ինչը ենթադրում է, որ հակասահմանադրական ճանաչված օրենքը ավելի ուշ ժամանակահատվածում է ուժը կորցրած ճանաչվում»,-ասաց նա:
Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ ՍԴ-ն հակասահմանադրական չի ճանաչել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ «ՍԴ-ն ասել է, որ պարտադիրի այս էլեմենտները հակասում են Սահմանադրությանը, բայց ՍԴ-ն չի ասել, որ «պարտադիր» չպետք է լինի»,- ասաց նա:
Նախարարը նաև նշեց, որ ՍԴ-ի որոշումը իրականում նպաստելու է ՀՀ-ում սոցիալական ապահովության հետագա զարգացմանը, որովհետև դրանք այն վերլուծություններն են, որոնք պետք է ուղղորդող դառնան:
«Որքան էլ Կառավարությունում լինեն իրավաբաններ, այնուամենայնիվ ՍԴ-ի պոտենցիալը այս հարցում մի քանի անգամ ավելի մեծ է, քան մյուս մարմիններինը: Եթե կարծում եք, որ մենք պետք է ունենանք օրենսդրություն, որը չպետք է երբևէ հակասահմանադրական ճանաչվի, սխալվում եք»,- ասաց նա և ընդգծեց, որ քաղաքացիական հասարակության հետ վիճարկված դրույթները քննարկելու անհրաժեշտություն կա:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հետ են վերադարձվելու այս երեք ամիսների ընթացքում արված պահումները, նախարարը բացառեց և նշեց, որ կմշակվեն վերահաշվարկի մեխանիզմներ, իսկ թե դրանք ինչ կերպ կարվի, դեռևս պարզ չէ:
Հարցին, թե ՍԴ որոշումից հետո արդյոք չի հետևում, որ ներկայիս կառավարությունը պետք է հրաժարական տա, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «2006թ-ից հետո մինչ օրս մի շարք օրենսդրական ակտեր, որոնք ճանաչվել են հակասահմանադրական, պակաս կարևոր չեն եղել: Եթե այդպես լիներ, ապա Սահմանադրությունը կսահմաներ, որ եթե որևէ օրենք Սահմանադրությունը հակասահմանադրական է համարում, ապա նախարարությունը, Ազգային ժողովը պետք է հրաժարական տան»,-ասաց նա: