Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է 2013թ. զեկույցը՝ արձանագրելով ոստիկանության ոլորտի ձեռքբերումներն ու խնդիրները:
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
- Չնայած եղել են բազմաթիվ բողոքներ, որ ոստիկանները ցուցմունքներ եւ այլ տեղեկություններ ստանալու նպատակով անձանց ենթարկել են բռնության, դաժան, անմարդկային վերաբերմունքի, Ոստիկանությունն արձանագրել է միայն 4 այդպիսի դեպք:
- Ձերբակալված եւ կալանավորված անձանց նկատմամբ արձանագրված բռնության 363
դեպքերից ընդամենը 3,4% -ի դեպքում է հարուցվել քրեական գործ, ինչը վկայում է, որ գործերը քննվել են մակերեսորեն (օրինակ՝ չեն իրականացվել բոլոր հնարավոր քննչական գործողությունները՝ հարցաքննություններ, առերեսումներ եւ այլն):
- Փակ շուկայի ապօրինի շինարարության դեպքով Ոստիկանությունը դրսեւորել է անգործություն՝ մերժելով քրեական գործի հարուցումը: Արդյունքում՝ այդ պատմամշակութային հուշարձանին հասցվեց անդառնալի վնաս:
- Բազմաթիվ անձանց, այդ թվում անչափահասների, «հրավիրել» են Ոստիկանության բաժին եւ պահել այնտեղ իրենց կամքին հակառակ, չնայած նման իրավասություն Ոստիկանությունը չունի:
- Ոստիկանությունը առանձին դեպքերում հավաքների մասնակիցների նկատմամբ դրսեւորել է անհանդուրժողականություն եւ ոչ իրավաչափորեն ցրել հավաքը՝ խախտելով այդ մարդկանց խաղաղ հավաքի իրավունքը (Կոմիտաս 5 հասցեում բողոքի ակցիայի ժամանակ):
- Կոմայգում չեն իրականացվել անհրաժեշտ ստուգումներ, օպերատիվ այլ միջոցառումներ, ինչի հետեւանքով մանկական զբոսայգում չեն վերացել մարմնավաճառությունը եւ հասարակական վայրերում խուլիգանություն համարվող սեռական հարաբերություններ ունենալու դեպքերը:
- Ոստիկանության ծառայողները, հավաքը ցրելու ընթացքում, որոշ մասնակիցների նկատմամբ կիրառել են ոչ իրավաչափ ֆիզիկական ուժ՝ քաշքշել եւ հարվածել են մասնակիցներին՝ նույնիսկ դիմադրության բացակայության դեպքում:
- Առկա են եղել բողոքներ այն մասին, որ Ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված անձանց ուշ են գրանցել կամ, ընդհանրապես, չեն գրանցել հաշվառման մատյաններում: Արդյունքում՝ անձինք Ոստիկանության բաժնում պահվել են ավելի երկար, քան պահանջում է օրենքը, ինչպես նաեւ անտեղյակ են եղել իրենց կարգավիճակի մասին (կասկածյալ, վկա եւ այլն):
- Գրանցվել են մի շարք դեպքեր, օրինակ՝ հավաքների ընթացքում, երբ ոստիկանության աշխատակիցները, գտնվելով ծառայության մեջ, եղել են քաղաքացիական հագուստով: Այնինչ, ըստ օրենքի պահանջների՝ հասարակական կարգը պահպանելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են համազգեստ կրել, որպեսզի ճանաչելի լինեն անձանց համար:
- Մի շարք դեպքերում Ոստիկանության ծառայողները անհարկի ձգձգել են քննչական գործողությունների իրականացումը, ինչպես օրինակ, առանց հիմքի երկարատեւ հարցաքննել են քաղաքացիներին:
- Գրանցվել է 1399 դեպք, երբ Ոստիկանության աշխատակիցները խախտել են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման 10-օրյա ժամկետը:
- Տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ազդանշանային լուսացույց է տեղադրվել ընդամենը մեկ խաչմերուկում, ինչի հետեւանքով այդ մարդիկ զրկվել են ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից:
- Առանձին դեպքերում ճանապարհային երթեւեկության խախտումներն արձանագրող արագաչափ սարքավորումները տեղադրվել եւ գործել են առանց նախազգուշացնող ցուցանակների:
Արձանագրված դրական զարգացումները
- Ոստիկանության կողմից սպասարկվող տարբեր վարչական տարածքներում կազմակերպվում եւ անցկացվում են նպատակային կանխարգելիչ միջոցառումներ, մասնավորապես՝ ստուգայցեր եւ շրջագայություններ հավանական քրեածին վայրեր, այգիներ, պուրակներ, ժամանցի ու մարդաշատ այլ վայրեր:
- Էապես բարելավվել է Ոստիկանության կողմից անձանց դիմում-բողոքների, ինչպես նաեւ մամուլում հրապարակված տեղեկությունների ուսումնասիրումը:
- Փախստականի կարգավիճակ ստացած անձանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերը միջազգայնորեն հաստատված չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել եւ շրջանառության մեջ է դրվել «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:
- ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում շարունակվելու են
տեղադրվել տեսախցիկներ:
- 2013 թվականի ընթացքում Ոստիկանության ներքին անվտանգության վարչության իրականացրած քննությունների արդյունքում 141 օրինախախտ ծառայողներ ենթարկվել են պատասխանատվության:
- - ՀՀ ոստիկանության կողմից 2013 թ. ընթացքում իրականացվել է «Թափառաշրջիկ եւ մուրացիկ 2013» միջոցառումը, որի ընթացքում հայտնաբերվել են մուրացկանությամբ եւ թափառաշրջիկությամբ զբաղվող 61 անչափահաս, որոնց մի մասի եւ ծնողների հետ իրականացվել են կանխարգելիչ աշխատանքներ, իսկ մյուս մասը, որոնց հետ երկարատեւ սոցիալական եւ այլ ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն է առաջացել, ուղղորդվել են ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն: