Արդեն 6 տարի է, ինչ շարունակվում է մարտի 1-ի 10 զոհերի վերաբերյալ նախաքննությունը: Չնայած, որ նշված հարցը մշտապես գտնվել է հանրության
ուշադրության կենտրոնում եւ ստացել լայն հնչեղություն, Ծառայությունը 2013 թվականին հանրությանը չի ներկայացրել որեւէ կարեւոր տեղեկություն գործերի ընթացքի վերաբերյալ: Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ 2013թ. զեկույցում:
ՄԻՊ-ն արձանագրել է ոլորտի խնդիրներն ու զարգացումները:
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
- Պաշտոնյաների կողմից անձանց բռնության ենթարկելու 87 դեպքերից ընդամենը 2-ով Ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ, ինչը կարող է վկայել, որ գործերը քննվել են մակերեսորեն (օրինակ՝ չեն իրականացվել բոլոր հնարավոր քննչական գործողությունները՝ հարցաքննություններ, առերեսումներ եւ այլն):
- Արդեն 6 տարի է, ինչ շարունակվում է մարտի 1-ի 10 զոհերի վերաբերյալ նախաքննությունը: Չնայած, որ նշված հարցը մշտապես գտնվել է հանրության
ուշադրության կենտրոնում եւ ստացել լայն հնչեղություն, Ծառայությունը 2013 թվականին հանրությանը չի ներկայացրել որեւէ կարեւոր տեղեկություն գործերի ընթացքի վերաբերյալ (ի տարբերություն 2012 թվականի):
- Ծառայությունը մի շարք դեպքերում չի ուսումնասիրել մամուլում՝ պաշտոնյաների կողմից անձանց բռնության ենթարկելու տեղեկությունները, մինչդեռ, օրենքով պարտավոր է դրանք ուսումնասիրել եւ անհրաժեշտության դեպքում՝ քրեական գործ հարուցել:
- Բավարար քայլեր չեն ձեռնարկվել ընտրությունների ընթացքում քվեաթերթիկների լցոնման եւ լրագրողի նկատմամբ բռնության դեպքը բացահայտելու ուղղությամբ, ինչի արդյունքում մեղավորները չեն հայտնաբերվել, իսկ քրեական գործը կասեցվել է:
- Ծառայությունն իր կողմից քննության առած գործերը ստիպված փոխանցել է այլ քննչական մարմիններին, որոնք օժտված չէն Ծառայության բացառիկ
անկախությամբ: Չնայած Ծառայությունը մշակել է խնդրի լուծմանն ուղղված օրենքի նախագիծ, սակայն այն դեռեւս չի ընդունվել: Արդյունքում՝ գործերի նման փոխանցումը էապես վնասել է դրանց արդար քննությանը:
- Բազմաթիվ դեպքերում ՀՔԾ քննիչները խախտել են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման 10- օրյա ժամկետը:
Արձանագրված դրական զարգացումները
- 2013 թ. ընթացքում Ծառայության կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 48 գործ, որոնցից 35-ը եղել են պաշտոնատար անձանց կողմից կատարված քրեորեն հետապնդելի արարքների վերաբերյալ:
- Ծառայության նախաձեռնությամբ մշակվել եւ ներկայումս շրջանառության մեջ է դրվել ՀՀ օրենքների նախագծեր, որոնցով նախատեսվում է ընդլայնել հատուկ քննչական ծառայության ենթակայության գործերի շրջանակը եւ հնարավորություն ընձեռել ծառայության քննիչներին վարույթ ընդունել նաեւ այլ քննչական մարմիններին ենթակա գործեր:
- Ծառայությունը հիմնականում ապահովել է իր գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը, ինչով ապահովվել է իրենց գործունեության նկատմամբ հասարակության իրազեկվածությունը: