Ամոթալի է, ամեն օր կիրառել դրույթներ, որոնք արդեն իսկ ճանաչվել են հակասահմանադրական, այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն՝ անդրադառնալով Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի վերաբերյալ ՍԴ-ի որոշման տարաբնույթ մեկնաբանություններին։
«ՍԴ-ն տվել է իր գնահատականը, ինչի համար մենք դիմել էինք, ուստի գնահատում ենք դրական»,-ասաց նա և ավելացրեց, որ Սահմանադրական դատարանի տված ժամկետը` սեպտեմբերի 30-ը, պետք է ընդամենը ընկալել և ընդունել ամենաուշ ժամկետը՝ օրենքը փոխելու համար:
«Մինչև սեպտեմբերի 30-ը իշխանության ինչ-ինչ ներկայացուցիչների ընկալումն էր ևս գումարներ կորզել ամեն գնով, մինչդեռ մինչև սեպտեմբերի 30-ը օրենքը ուժի մեջ մնալու որոշումը ընդամենը պետք է ընկալել այն մաքսիմալ ուշ ժամանակը, որ գործադիրն ու օրենսդիրը պետք է փոփոխեն կամ լրամշակեն օրենքը և Սահմանադրությանը համապատասխանեցնեն, այսինքն՝ համապատասխանեցնեն ժողովրդի կամքին։ Այնպես որ օրենքի դեռևս կիրառումը հակատրամաբանական է, զուտ գումարներ կորզելու համար։ Սա ոչ թե հնարավորություն է, միջանցք, որ ամեն գնով գումար կորզեն, այլ օրենքն օր առաջ շտկեն»,-ասաց նա։
Դավիթ Մանուկյանը, հղում անելով ՍԴ որոշման 6-րդ կետը, նշեց, որ այդ կետը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, ինչը նշանակում է, որ այսուհետ, եթե անձը կամք չի արտահայտել, որ իր սեփականության իրավունքը սահմանափակվի, ապա որևէ մեկն այդ գանձումն անելու իրավունք չունի։
Նախաձեռնության անդամ Դավիթ Դավթյանը հավելեց, որ ՍԴ-ն իրենց համար «հանգուցալուծող օղակ չէ»։ «ՍԴ-ն փաստորեն իրավական մեր պնդումները հաստատեց, որ օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական են, բայց սոցիալական առումով լուծում չտրվեց։ Այսինքն, մենք վերջապես պայքարի միջոցով պետք է հասնենք լուծման։ Օրենքի 6-րդ կետը ամբողջությամբ հաստատում է մարդու սեփականության մասին իր իրավունքը, և որ ոչ ոք իրավունք չունի այն խախտելու»,-ասաց նա և ընդգծեց, որ ՍԴ որոշումն իրենց ուժեղ զենք է տվել, որը պետք է օգտագործել։
Նախաձեռնության անդամ Հակոբ Արշակյանը նշեց, թե քանի որ շուրջ 5000 մարդ է ընտրել ֆոնդեր, և 120 հազար մարդ չի ընտրել, նշանակում է, որ 97%-ն իրենց կամարտահայտությամբ չեն ուզում մասնակցել, իսկ դա, ըստ նրա, առաջին հերթին կոչ է իշխանություններին։
«Այսինքն՝ դա նշանակում է, որ անհապաղ պետք է չեղարկել օրենքը, հենց վաղը հետ կանչել և վերադարձնել բոլորի գումարները, արագ անցում կատարել նախորդ համակարգին։ Դա դժվար չէ, քանի որ նախորդ համակարգը գործող էր, և շատ արագ կարելի է անցում կատարել»,-ասաց նա։
Նախաձեռնության անդամը, խոսելով վտանգների մասին, նշեց, որ նախ դրանով առիթ կլինի ընկերությունների այլ երկրներում գրանցման կամ էլ վերագրանցման համար։
«Այսպիսի քաշքշուկների, տարաբնույթ մեկնաբանությունների արդյունքում նրանք կարող են վերագրանցել իրենց ֆիրմաները հարևան երկրներում, հարկային մեղմ վարչական համակարգը հաշվի առնելով, և որ ավելի վստահելի իշխանություն կա»,-ասաց նա և մեկ այլ վտանգ համարեց ներդրումների հնարավոր կրճատումը՝ անվտանգության դեֆիցիտի պատճառով։ «Եթե նրանք կարծիք հարցնեն այստեղի վարչական համակարգի մասին, հաստատ այն բացասական է լինելու»,-ասաց նա և անցավ մեկ այլ վտանգի, այն է՝ որակյալ մասնագետների արտահոսքի խնդիրը։
Նախաձեռնության անդամները բարձրացրին նաև պատասխանատվության հարցը, ըստ որի՝ պետք է օրենքը փորձաքննության ենթարկվեր, նոր ընդունվեր, մինչդեռ նման «փնթի» օրենքը առանց իրավական փորձաքննություն անցկացնելու հասել է ԱԺ, ապա՝ նախագահական։
Նախաձեռնության անդամները նաև անդրադարձան պայքարի համար կարևոր շարունակությանը։ Նրանք նշում են, որ յուրաքանչյուր ոք պետք է անմիջապես դիմում գրի համապատասխան մարմիններին, որ մեխանիկորեն իրենց փոխարեն ֆոնդեր չընտրվեն։ Նրանք տեղեկացրեցին, որ դիմումի համապատասխան ձևերը դրվել են «Դ!ԵՄ ԵՄ» կայքում, որից օգտվելով պետք է շատ արագ «Հայփոստի» միջոցով ուղարկել այդ դիմումները, որ իրենք հրաժարվում են ֆոնդ ընտրելուց։
Նրանք նաև կոչ արեցին բոլորին մասնակցել ապրիլի 12-ին հրավիրված հավաքին։
«Իշխող կոալիցիային չի փրկելու որոշ մարդկանց զոհ դարձելու մեխանիզմը, ուղղակի չի փրկելու»,-ասաց Հակոբ Արշակյանը։