Իրավական 

Խնդիրներ պաշտպանության նախարարությունում. ՄԻՊ զեկույց

Հրամանատարների ոչ բավարար ուշադրության հետեւանքով մեկ տարվա ընթացքում բանակում մահացել է 16 զինծառայող:  Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2013 թվականի վերաբերյալ տարեկան զեկույցի՝ պաշտպանության նախարարության աշխատանքին վերաբերող հատվածում:


ՄԻՊ-ն արձանագրել է ոլորտում առկա խնդիրներն ու զարգացումները:


Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները


- Հրամանատարների ոչ բավարար ուշադրության հետեւանքով մեկ տարվա ընթացքում բանակում մահացել է 16 զինծառայող՝ որոնցից 8-ը ինքնասպանության, 4-ը՝ հիվանդության, 3-ը՝ սպանության եւ 1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման պատճառներով:


- Պաշտոնական տվյալներով գրանցվել է ոչ կանոնադրային հարաբերությունների 241 դեպք, ինչպես օրինակ՝ զինծառայողին ծաղրուծանակի կամ հալածանքի ենթարկելը, նրա պատիվն ու արժանապատվությունը ստորացնելը:


- Առողջական խնդիրներով զորակոչիկները նախապես չեն տեղեկացվել իրենց հակացուցված ծառայության ձեւերի մասին, օրինակ՝ ֆիզիկական մեծ լարվածություն պահանջող աշխատանքներ, գիշերային հերթապահություն եւ այլն: Արդյունքում լրջորեն վտանգվել է մի շարք զինծառայողների առողջությունը, ընդհուպ մինչեւ հաշմանդամություն:


- Զորակոչիկները բազմաթիվ դեպքերում չեն անցել մանրակրկիտ բուժհետազոտություն: Ըստ պաշտոնական տվյալների ռազմաբժշկական հանձնաժողովների որոշումների վերաբերյալ ստացվել է 728 բողոք:


- Բազմաթիվ դեպքերում անձանց չեն տրամադրվել ռազմաբժշկական հանձնաժողովների որոշումները, ինչի հետեւանքով անձինք փաստացի զրկվել են այդ որոշումները բողոքարկելու իրավունքից:


- Ի տարբերություն նախորդ տարվան, զորամասերի հրամանատարները չեն վերհանել զինծառայողների առողջությանը վնասող հրամանների դեպքերը: Արդյունքում, նման հրամաններ տված անձինք չեն պատժվել, եւ նման դեպքերը չեն կանխվել:


- Չնայած, որ գրանցվել են զորամասերում զինծառայողներին թերի բուժօգնության բազմաթիվ բողոքներ, Նախարարությունը հայտնաբերել է ընդամենը 2 դեպք, որոնց կապակցությամբ նույնիսկ քրեական գործ չի հարուցվել:


- Զորամասերում հայտնաբերվել է զինծառայողներին պարենամթերքի բաշխման չարաշահման 51 դեպք, որոնցից ընդամենը 7-ով է քրեական գործ հարուցվել, ինչը կարող է վկայել, որ Նախարարությունը նման դեպքերը քննել է մակերեսորեն: Այսինքն՝ գրանցված դեպքերի շուրջ 86%-ով չեն իրականացվել բոլոր հնարավոր քննչական գործողությունները (հարցաքննություններ, առերեսումներ եւ այլն):


- Նախարարության կողմից դեռեւս չի լուծվել մի շարք զինծառայողների բնակարանային պայմանների ապահովման խնդիրը:


- Պարտադիր զինվորական ծառայության վայրի վիճակահանությամբ ընտրության կարգը ներդրվել է բացթողումներով: Մասնավորապես` այն սահմանող Պաշտպանության նախարարի հրամանի նույնիսկ սկզբունքները հասանելի չեն հանրությանը, եւ պարզ չէ, թե նման վիճակահանության դեպքում ինչպես են ապահովվելու արտոնություն ունեցող զորակոչիկների իրավունքները (օրինակ՝ միայնակ եւ թոշակառու հոր կամ մոր միակ զավակը կամ ամուսնացած եւ մեկ երեխա ունեցող զորակոչիկը):


- Բազմաթիվ դեպքերում խախտվել է սպաների պայմանագիրը վաղաժամկետ լուծելու իրավունքը, քանի որ բարձրագույն հրամանատարական կազմը ամիսներով ձգձգել է զեկուցագրի ստորագրումը:


Արձանագրված դրական զարգացումները


- Զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների եւ կանոնադրային փոխհարաբերությունների խախտման դեպքերը կանխարգելելու նպատակով իրականացվել են պրոֆիլակտիկ եւ կանխարգելիչ բնույթի միջոցառումներ:


- 2013 թվականին թվով 37 զինծառայողներ ապահովվել են բնակարաններով, իսկ 1204 զինծառայողի տրամադրվել է վարձակալված բնակարանների դիմաց դրամական փոխհատուցում։


- Զինծառայողների իրավագիտակցության բարձրացման նպատակով Նախարարության կողմից անցկացվում են մարդու իրավունքների վերաբերյալ տարբեր դասընթացներ եւ դասախոսություններ:


- Ընդունվել է Զինապարտների եւ զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության նոր կարգը: 

Նույն շարքից