Իրավական 

7 կարճ պատասխան Երեւանի քաղաքապետին՝ Օմբուդսմենից

Օմբուդսմենի քննադատություններին Երեւան քաղաքապետարանն արձագանքել է ծավալուն, բայց ոչ հիմնավոր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պատպան Կարեն Անդրեասյանը՝ ապա ներկայացրել իր փաստարկները:


«Ահա թե ինչու:


1.      Մենք ասում ենք ինքնակամ շինարարությունը Երեւանում օրինականացնելիս կան կոռուպցիոն ռիսկեր, որովհետեւ օրենքը թերի է: Քաղաքապետարանը պնդում է, որ օրենքը լրամշակելու լիազորություն չունի եւ այդ պատճառով չի կարողանում այդ դաշտում վերացնել կոռուպցիան: Չնայած դրան, ավտոկայանատեղերի համակարգի ներդրման դեպքում օրենքի նախագծի մշակման նախաձեռնությունն իրենցն էր: Այսինքն, եթե Քաղաքապետարանը շահագրգռված լինի, որ ինքնակամ շինարարությունն օրինականցնելիս երկակի ստանդարտները վերանան, ապա կարող է այս հարցը լուծել:


2.      Մենք պնդում ենք, որ Երեւանի մանկապարտեզներում խմբերը գերբեռնված են եւ շատ երեխաներ հնարավորություն չունեն մանկապարտեզ գնալ: Խնդիրն առաջացել է նաեւ այն պատճառով, որ նախկինում մանկապարտեզների շատ շենքեր վարձով են տրվել եւ օգտագործվում են այլ նպատակներով: Ասում ենք, պետք է դադարեցնել նման վարձակալությունները եւ նորերը չկնքել, որ երեխաները մանկապարտեզ ունենան:  Ընդունելով, որ խնդիրն ըստ էության ճիշտ ենք բարձրացնում, Քաղաքապետարանը միայն մի հակափաստարկ է ներկայացնում, որ այլ երկրներում էլ մանկապարտեզներում տեղերի խնդիր կա:


3.      Քաղաքապետարանը մեզ հակադարձելիս վստահ պնդում է. «մայրաքաղաքում ապօրինի շինարարությունը կանխելու համար քաղաքապետարանը բոլոր օբյեկտների նկատմամբ ձեռնարկել եւ ձեռնարկում է օրենսդրությամբ իրեն վերապահված միջոցները՝ առանց որեւէ բացառության»: Միայն Փակ շուկան բավարար է հերքելու այս պնդումը, բայց մենք մինչեւ քննադատելն ունեցել ենք նաեւ այլ օրինակներ:


4.      Քաղաքապետարանին քննադատում ենք, որ տրանսպորտի սակագինը բարձրացնելուց առաջ հանրային քննարկում չարեցին: Պատասխանում են, որ օրենքով հատուկ պահանջ չկար: Չէ՞ որ, Քաղաքապետարանին ոչինչ չէր արգելում խորհրդակցել հանրության եւ այլ շահագրգիռ կառույցների հետ, նոր նման ցավոտ հարցով որոշում կայացնել: Մեզ հրապարակայնորեն պատասխանում են, որ հիմա արդեն քննարկում ենք ու ստեղծել ենք հանձնաժողով: Այո, գործընթացը հիմա շատ ավելի ճիշտ է կազմակերպված, բայց կարելի էր ի սկզբանե այսպես սկել ու չունենալ քաղաքացիական ընդվզումներ:


5.      Ասում ենք, որ Երեւան քաղաքի կենտրոնում եւ ծայրամասերում ասֆալտապատումը հավասարաչափ չի արվում եւ ոչ կենտրոնական շատ փողոցներ մնացել են անբարեկարգ: Պատասխանում են, որ մեր պնդումները մասնագիտական չեն, սակայն մեզ ահազանգած բազմաթիվ համաքաղաքացիներ ականատեսն են եղել մեր այդ պնդմանը: Կենտրոնական ու երեւացող ճանապարհները նույնիսկ մի քանի անգամ են բարեկարգվել, իսկ այն, ինչ աչքից հեռու է, հաճախ զերծ է մնացել Քաղաքապետարանի ուշադրությունից:


6.      Պնդում ենք, որ Երեւանի շինություններն ու տրասնպորտն անմատչելի են հաշմանդամություն ունեցողների համար: Ասում են, տասնամյակների խնդիր է, նոր չի առաջացել: Լիովին համաձայն ենք: Ավելին՝ նշել ենք, որ դրական որոշակի զարգացումներ կան այս ուղղությամբ: Ըստ Քաղաքապետարանի, եթե մենք ընդունում ենք, որ խնդիրը հին է, ու որ դրական որոշ քայլեր արվել են, այլեւս իրավունք չունենք պնդել, որ տրանսպորտն ընդհանրապես անմատչելի է հաշմանդամություն ունեցողների համար,  որ մայրաքաղաքում կառուցվել են թվով 293 թեքահարթակներ, սակայն դրանց թեքության աստիճանը եւ կիրառելիությունը  հասանելի չէ անվասայլակից օգտվող անձանց համար՝ առանց այլ անձի միջամտության: Այսպիսով, ակնհայտ է, որ ճիշտ ենք, որ այս ուղղությամբ գործ արվել է, բայց քիչ ու որոշ դեպքերում՝ սխալներով:


7.      Վերջապես Կոմայգու վերաբերյալ. Երեւանի քաղաքապետարանը տարակուսում է, որ Կոմայգում այլասերվածության խնդրի համար նաեւ իրենց ենք մեղադրում: Պետք չէ տարակուսել, քանի որ Քաղաքապետարանի գործառույթների մեջ է մտնում այգիների բարեկարգումը, լուսավորումը եւ ցանկապատումը: Այսինքն, հանրային զբոսայգում գիշերային ժամերին սեռական հարաբերությունները, պոռնկությունը եւ թմրամիջոցներ օգտագործելը հեշտությամբ կարելի էր կանխել այգին լուսավորելու, ցանկապատելու, տեսանկարելու եղանակներով: Այլ եղանակները ոստիկանության գործն են, բայց վերը նշված կանխարգելիչ գործողությունները կարող էր անել միայն եւ միայն Երեւանի քաղաքապետարանը:


Իսկապես Երեւանը շատ դրական զարգացումներ ունի եւ մեր քաղաքում լավը շատացել է: Այդուհանդերձ, եղած թերացումները մատնանշելը մեր գործն է, իսկ դրանք շտկելը՝ Քաղաքապետարանինը: Մենք մեր գործն անում ենք անկախ գնահատականներից եւ «հնչեղությունից»: Նույնն ակնկալում ենք Երեւանի քաղաքապետարանից եւ այլ գերատեսչություններից:

Նույն շարքից