Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն ապրիլի 9-ին հավաքվելու է ՀՀ ֆինանսների նախարարության, կառավարության եւ Պետական եկամուտների մոտ՝ պահանջելու փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների մեջ եւ հանել «պարտադիր» սանդղակը: Այս մասին հայտնեց նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը :
«Սահմանադրական դատարանը մինչեւ սեպտեմբերի 30-ին իշխանություններին տվել է իրավունք օրենքը փոխելու համար, սակայն որոշ կառույցներ ցանկանում են օգտվել այդ ժամկետից եւ կորզել մեր գումարները: Դրա համար ապրիլի 9-ին հավաքվում ենք նախ Ֆինանսների նախարարության մոտ, որից հետո երթով կշարժվենք Կառավարություն, Պետական եկամուտների կոմիտ՝ պահանջելու էլեկտրոնային հաշվետվություններից հանել պարտադիր սանդղակը»,- ասաց նա:
Գևորգի խոսքով՝ իրենք պահանջում են պատկան մարմիններին «պարզապես աշխատել եւ փոփոխություններ կատարել օրենքում»:
Նշենք, որ հավաքը սկսվելու է ժամը 12:30-ին: Մինչեւ այդ օրենքի դեմ պայքարող քաղաքացիները գրավոր նամակներով դիմում են Ֆինանսների նախարարին, Կենտրոնական բանկի նախագահին եւ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա»-ի տնօրենին՝ պահանջելով հետեւել ՀՀ ՍԴ 2014թ. ապրիլի 3-ի որոշման եզրափակիչ մասի 6-րդ կետի դիրքորոշմանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց օրենքը: Մինչեւ սեպտեմբերի 30-ը ՍԴ-ն ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար: Մինչեւ այդ կատարված պարտադիր կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Որոշումից մեկ օր անց սակայն Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ կուտակային կենսաթոշակային օրենքը գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը: