Իրավական 

Նիկոլ Փաշինյանի օրինագիծը՝ ճանապարհային տուգանքների չափերը էապես նվազեցնելու

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այդ մասին պատգամավորը հայտնել է Facebook-ի իր էջում:


«Նախագծի հիմնական նպատակն է՝ էականորեն նվազեցնել ճանապարհային երթեւեկության մի շարք կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի չափերը: Խոսքը այն խախտումների մասին է, որոնք առավել «սիրված են» «Սիքյուրիտի դրիմ» ընկերության կողմից:


Մասնավորապես առաջարկվում է սահմանված առավելագույն արագությունը մինչեւ 10 կմ/ժ-ով գերազանցելու համար տուգանք սահմանել 3 հազար դրամ՝ գործող 10 հազարի դրամի փոխարեն: Առաջարկվում է՝ սահմանված առավելագույն արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելու պարագան դիտարկել որպես առանձին իրավախախտում եւ դրա համար տուգանք սահմանել վեց հազար դրամը:


Գործող օրենսգրքում արագությունը գերազանցումը 11-30 կմ/ժ-ով դիտարկվում է մեկ փաթեթի մեջ եւ տուգանվում 30 հազար դրամով: Ի դեպ, 21 եւ ավելի կմ/ժ-ով արագության գերազանցման տուգանքներում որեւէ փոփոխություն չեմ առաջարկել:


Նախագծով առաջարկել եմ տուգանքները թեթեւացնել այն խախտումերի պարագայում, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «համեմատաբար նվազ վտանգավոր»:


Առաջարկվում է նաեւ վերացնել չվճարված տուգանքների եռապատկման եւ հնգապատկման պրակտիկան, եռապատկումը փոխարինելով մեկուկես անգամով, հնգապատկումը՝ կրկնապատկումով:


Աշխատել եմ ստեղծել հավասարակշռված նախագիծ, որը կսանձի «Սիքյուրիտի դրիմի» ախորժակը եւ չի բերի ճանապարհային ամենաթողության:


Վաղը նախագիծը՝ կից հիմնավորումներով, կտեղադրվի ԱԺ կայքում. սիրով կդիտարկեմ այդ կապակցությամբ հղված առաջարկները»,- նշել է Փաշինյանը:

Նույն շարքից