Իրավական 

ՄԻՊ-ը շնորհակալություն է հայտնել հրաժարական տված վարչապետին՝ համագործակցության համար

analitik.am

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հրաժարական տված վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ համագործակցության համար։


Ի սկզբանե հերքելով իր՝ վարչապետ նշանակման հնարավորության մասին շրջանառվող լուրերը, Կարեն Անդրեասյանն ընդգծել է, թե ով էլ որ նշանակվի այդ պաշտոնում, պետք է մարդու իրավունքների պաշտպանությանը կենտրոնանա։ «Ես նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին՝ կատարած աշխատանքի եւ համագործակցության համար»,-նշել է պաշտպանը։ Այդ կապակցությամբ նա փետրվարի վերջին մարդու իրավունքների հարցերով ազգային ծրագրի հաստատման մասին է հիշեցրել։ Կարեն Անդրեասյանի խոսքերով, ներկայացված 100-ից ավելի առաջարկություններից 75-ը ընդունվել են։


«Եթե հաջորդ վարչապետը կարողանա ծրագիրն իրականություն դարձնել, ապա դրանով Հայաստանը Շվեյցարիային կմոտեցնի»,-ընդգծել է նա։


Մարդու իրավունքների պաշտպանը, այնուամենայնիվ, կտրականապես հրաժարվել է հաջորդ վարչապետի անձի վերաբերյալ սեփական կանխատեսումները հայտնել։ «Ես դա կարող էի անել երեք տարի անց, երբ կլքեմ իմ պաշտոնը ու կլինեմ սովորական քաղաքացի»,-ասել է նա։


Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին հայտնի էր դարձել ապրիլի 3-ի երեկոյան։

Նույն շարքից