Իրավական 

Գագիկ Հարությունյանն ի պաշտոնե իրավունք չուներ մեկնաբանել ՍԴ վճիռը. փաստաբան

analitik.am

Փաստաբան Նորայր Նորիկյանը գտնում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման մեկնաբանության գործընթացում ամենաքիչը իրավաբանական վեճ կա, ավելի շատ քաղաքականություն է, քան թե իրավաբանություն: «Եվ եթե չբացառենք խելագարության կանխավարկածը, հույսեր կան, որ նոր կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի այս օրենքը»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ սույն օրենքի ճարտարապետները պարտություն են կրել, և ծրագիրը կարելի է համարել տապալված, քանի որ ՍԴ-ն օրենքի գաղափարը համարել է հակասահմանադրական: Եվ նոր կառավարությունն ինչպիսի փոփոխություններ էլ փորձի անել, որևէ բան փրկելն անհույս է, քանի որ այս օրենքի վարկաբեկվածությունը մեծ է:

Փաստաբանի կարծիքով՝ պաշտոնից հեռացած վարչապետի քաղաքական ֆիասկոյի պատճառներից մեկը սույն օրենքի տապալումն էր:

«Իրավական տեսակետից ՍԴ-ի որոշման մեջ խնդիր չեմ տեսնում: ՍԴ-ի որոշումը որևէ ձևով պատճառաբանված չէ, ինչն էլ առաջացրել է խառնաշփոթ: ՍԴ-ն այդ ութ հոդվածներից հակասող է ճանաչել երեքը, պարտադիր բաղադրիչը ճանաչվել է հակասահմանադրականը»,-ասաց նա՝ շեշտելով, որ բոլոր գործատուները չպետք է մուծեն «պարտադիր կուտակային»-ի գումարները, քանի որ բոլոր դեպքերում դրանք վերադարձման ենթակա են:

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հայտարարությանը, թե մինչև սեպտեմբեր օրենքը պետք է գործի, Նորայր Նորիկյանը նկատեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ նման կետ չկա, որ ՍԴ նախագահը կամ անդամը կարող է մեկնաբանել ՍԴ որոշումը: Ըստ նրա՝ Գագիկ Հարությունյանն ի պաշտոնե իրավունք չուներ նման հայտարարություն անել:

«ՍԴ որոշման մեջ նշված է վերահաշվարկի մասին, այդ գումարները բոլոր դեպքերում պետք է վերադարձվեն, եթե ոչ, քաղաքացիներն իրավունք ունեն դիմել դատարան»,-հայտարարեց փաստաբանը՝ կրկնելով, որ ՍԴ որոշումը ձեռքին քաղաքացին կարող է իր գումարների պահանջով մտնել դատարան:

Նա նաև կարծիք հայտնեց, թե իշխանությունների տրամաբանությամբ ամբողջ երկիրը պետք է դարձնեն տուգանային հրապարակ, քանի որ Գործադիր իշխանությունը խնդիր է դրել հնարավորինս շատ փող հավաքել քաղաքացիներից: Հիմա հասարակության խնդիրն է օրենքով հասնել իր պահանջներին: 

Նույն շարքից