Ոստիկան-քաղաքացի հարաբերություններում մարդու իրավունքներն առավել խախտվում են բերման ենթարկվելիս. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսօր ներկայացրեց իր զեկույցը՝ մարդու իրավունքների վիճակը ոստիկան-քաղաքացի հարաբերություններում թեմայով:
«Խուզարկություններ կատարելու և կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունների վիճակագրական տվյալները վկայում են այն մասին, որ դատարանները չեն ապահովում արդար դատաքննություն»,-հայտարարեց Արթուր Սաքունցը՝ ավելացնելով, թե ոստիկան-քաղաքացի հարաբերություններում մարդու իրավունքներն առավել խոցելի են բերման ենթարկելիս: Նրա հաղորդմամբ, սակայն, խուզարկությունների ընթացքում համեմատության մեջ ավելի քիչ են տեղի ունեցող խախտումները:
«Յուրաքանչյուր չորս խուզարկությունից մեկում անձին չեն տեղեկացնում, թե դատարանն ինչ որոշում է կայացրել: Անձին ոչ միայն չեն տեղեկացնում իր իրավունքների մասին, այլ նաև՝ գործի վերաբերյալ մանրամասները: Իսկ մենք գիտենք, որ սատանան միշտ մանրամասների մեջ թաքնված»,-նշեց Արթուր Սաքունցը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հետազոտություններն անցկացնելիս պարզվել է, որ միջին հաշվով 1 գործի շրջանակում 3 խախտում է արձանագրվում, իսկ երբ գործում ի սկզբանե փաստաբան է ընդգրկված լինում, ապա խախտումների թիվը հնարավորինս նվազում է:
«Սրանք փաստաթղթային տվյալներ են»,-ընդգծեց Արթուր Սաքունցը: