Հասարակություն 

Թվային հեռարձակմանն անցումն այնքա՞ն էլ սահուն չէ

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2016թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում անալոգային հեռարձակումից անցում պիտի կատարվի թվային հեռարձակման: Սակայն դեռ հստակ չէ՝ մինչ այդ արդյո՞ք բոլոր խնդիրները, որոնք առկա են այդ գործընթացում, կհստակեցվեն, և անցումը թվային հեռարձակման կլինի սահուն:

Հենց այս հարցերը քննարկելու, առկա խնդիրների ու բացթողումների մասին խոսելու համար էլ այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից հանրային քննարկում էր կազմակերպվել, որին ներկա էին ոլորտի մասնագետներ, մեդիափորձագետներ ու պետական ատյանների ներկայացուցիչներ:

Մինչ քննարկման մեկնարկը «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ չի կարելի պնդել, որ բնակչությունն ամբողջությամբ տեղեկացված է թվայնացման գործընթացից և որ հունվարի 1-ից պետք է անալոգային հեռարձակումն անջատվի ու անցում կատարվի թվայինին. «Առհասարակ այս գործընթացն ունի երեք բաղադրիչ՝ տեխնիկական, սոցիալական ու օրենսդրական, և եթե տեխնիկական առումով այդ ցանցը կառուցված է, ապա սոցիալական հարցերը, մասնավորապես՝ անապահով ընտանիքներին ապակոդավորող սարքերի տրամադրումը, լուծված չէ: Բազմաթիվ օրենսդրական խնդիրներ կան, որոնք պետք է լուծի պետությունը, իսկ ժամանակ շատ քիչ է մնացել:

Հենց դա է պատճառը, որ այսօրվա քննարկման ժամանակ մենք հրավիրեցինք նաև պետական ատյանների ներկայացուցիչներին, որպեսզի քննարկենք, թե ինչ է արվել և դեռ ինչ պետք է արվի շատ շտապ, որպեսզի անալոգայինից դեպի թվային հեռարձակման անցումը լինի սահուն: Օրենսդրական կարևորագույն խնդիրներից է, օրինակ, այն, որ հնարավոր է՝ թվայնացման ընթացքում մարզային հեռուստաընկերություններ փակվեն, եթե օրենքը չփոխվի: Իսկ մենք ուղղակի չենք ուզում դա թույլ տալ, և դա առհասարակ կհակասի թվայնացման գործընթացի տրամաբանությանը, որովհետև թվայնացման ժամանակ տեխնիկական հնարավորություններն ընդլայնվում են, և այս պարագայում որևէ հեռուստաընկերություն փակելն ուղղակի անթույլատրելի է»,- ասաց նա:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանն էլ նշեց, որ մեծ գործընթաց է իրականացվել տեխնիկական առումով, որն իր հետ բերել է բազմաթիվ որակական փոփոխություններ, իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտություն է առաջացրել, սոցիալական խնդիրներ են ի հայտ եկել, և հենց դրա համար էլ միջոցառման կազմակերպիչները հանրային քննարկում են հրավիրել՝ այդ բոլոր խնդիրներին անդադառնալու համար. «Կարծում եմ՝ սա շատ կարևոր և օգտակար նախաձեռնություն է: Համոզված եմ՝ ողջամիտ մոտեցում կցուցաբերվի, և ոչ մի քաղաքացի չի զրկվի տեղեկատվություն ստանալու իր իրավունքից»,- ասաց պարոն Ամալյանը:

Ի դեպ՝ քննարկման ժամանակ նա տեղեկացրեց, որ գործող ենթակառուցվածքը ստեղծելու համար պետության կողմից ֆինանսավորվել է 5 մլրդ 897 հազար դրամ:

 63 62 61 63

Նույն շարքից