Նոյեմբերի 13-ը կույրերի միջազգային օրն է։ Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Կույրերի միավորում» մշակույթի պալատի գործադիր տնօրեն Յուրի Ավետիսյանը և Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային բաժնի վարիչ, Մալայանի անվան բժշկական կենտրոնի լազերային բաժնի բժիշկ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանն անդրադարձան թեմային՝ մատնանշելով տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հանդիպող հիմնական խոչընդոտները և դրանց վերացման նորագույն բժշկական մեթոդները։
Տիկին Թամազյանը նշեց, որ նոյեմբերի 13-ն այն օրն է, որը մեզ հիշեցնում է մարդկանց մասին, որոնք ունեն մեր ուշադրության կարիքը․ «Որպես ակնաբույժ՝ կուզենայի խոսել երկու խնդրի մասին։ Կան հիվանդություններ, որոնք բերում են անվերադարձ կուրության, համարվում են անբուժելի, և կան հիվանդություններ, որոնք հնարավոր է հաղթահարել, եթե ճիշտ ժամանակին են դիմում բժշկին, և ճիշտ օգնություն է ցուցաբերվում բժշկի կողմից։ Կան նաև ժամնակավոր բնույթ կրող հիվանդություններ, որոնք հաղթահարելի են, օրինակ՝ կատարախտը։
Հիվանդության մի խումբ էլ կա, որը կարելի է համարել ցածր կամ թույլ տեսողություն։ Դրանք այսօր շատ արդիական են և կապված են տեխնոլոգիական զարգացման, մասնավորապես՝ օրվա մեծ մասը համակարգչի առջև անցկացնելու հետ։ Ուղղակի հիմա բժշկական տեխնոլոգիաները և ակնաբուժական միջոցները բերել են նրան, որ հնարավոր է չսպասել ամբողջական կուրության, ամբողջական ոսպնյակի պղտորման, այլ բժշկական միջամտությամբ հեռացնել դեռ կիսապղտոր ոսպնյակը։ Կարևոր խնդիր է նաև այն, որ կան տեսողության խնդիրներ ունեցող շատ տարեց մարդիկ, ովքեր ապրում են շրջաններում ու կենտրոնական հիվանդանոցներից հեռու և դժվարանում են այցելել բժշկի։ Ուզում եմ ասել, որ այսօր արդեն կան շրջիկ ավտոբուսներ, որոնց մեջ հնարավոր է կատարել վիրահատություններ»,- շեշտեց նա։
Շարունակելով նրա խոսքը՝ Յուրի Ավետիսյանը նկատեց՝ եթե մարդիկ կուրանում են, դա դեռ կյանքի վերջը չէ։ Նրա խոսքով՝ կան հնարավորություններ, որոնք օգտագործելով՝ տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ կարող են ինտեգրվել միջավայրին․
«Իմ օրինակը բերեմ․երբ վաղ պատանեկան տարիքում ես կորցրի տեսողությունս դժբախտ պատահարի հետևանքով, մտածում էի՝ ինչպե՞ս պիտի ապրեմ, սովորեմ, կյանքում առաջ գնամ։ Ինձ թվում էր՝ բեռ եմ դարձել ընտանիքիս ու հարազատներիս համար։ Բայց ամեն ինչ փոխվեց, երբ իմ կյանքում պատահաբար հայտնվեց գյումրեցի մի հրաշալի անձնավորություն։ Նա նկատեց, որ ես վատ եմ տեսնում, և ինձ տարավ իրենց գործարան, որտեղ միայն կույրեր էին աշխատում։ Գնացի, տեսա այդ միջավայրը, որտեղ մարդիկ երգում էին, աշխատում, ապրում, ինչպես մյուս նորմալ մարդիկ։ Ես մտածեցի՝ իսկ ինչո՞ւ չեմ կարող ես էլ այսպես ապրել, ինչո՞վ եմ նրանցից պակաս։ Հիմա նույնն էլ ես եմ ասում մյուսներին, ովքեր ունեն տեսողության խնդիրներ։ Եկեք մեզ մոտ, շփվեք մարդկանց հետ, ինտեգրվեք հասարակությանը, տիրապետեք որոշակի զբաղվածության։ Կտեսնեք, որ կյանքը շարունակվում է և ամենևին էլ այնքան անգույն չէ, որքան մեզ է թվում․․․»։
Պարոն Ավետիսյանի խոսքով՝ այսօր տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց թիվ մեկ խնդիրն աշխատանքի ու զբաղվածության խնդիրն է։ Շատ կարևոր է նաև տեղաշարժման խնդիրը։ Երրորդ հիմնական խնդիրն էլ, ըստ նրա, բնակարանային է, որպեսզի մարդիկ կարողանան իրենց կյանքն ու գործունեությունն ինքնուրույն, ազատ կերպով տնօրինել, որ մարդը կարողանա ընտանիք կազմել, ջերմություն ստանալ այդ միջավայրում։ «Առանց այս խնդիրների լուծման՝ մարդիկ դառնում են հասարակությւնից դուրս, օտարված անձնավորություններ»,- ավելացրեց նա։