Հանրահայտ «Ֆինանսական բուրգի» գործով տուժող Ոստիկանության վետերան, գնդապետ Գևորգ Թադևոսյանը Analitik.am-ին է ներկայացրել իր դժգոհությունները դատավարության մասով:
Ստորև ներկյացնում ենք հարցազրույցը:
-Պրն Թադևոսյան, դեկտեմբերի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը Ռ. Բարսեղյանի նախագահությամբ հաստատաված համարեց ամբաստանյան Ա.Անդրեասյանի մեղքը, բայց միևնույն ժամանակ էլ ազատեց կալանքից վերջինիս կողմից հափշտակված Բաղրամյան 77/8 բնակարանը արգելանքից։Ի՞նչ կասեք այդ մասին:
-Նախ ասեմ, որ այդ մասին հայտարարել եմ նաև դատարանում, որ այսօր ամբաստանյալի աթոռին՝ Արթուր Անդրեասյանի կողքին պետք է նստած լինեին Ներսես Նազարյանը և Կարեն Բաբակեխյանը` իրենց ընտանիքի անդամների հետ միասին։ Ողջ նախաքննության ընթացքում ճնշում է գործադրվել նախաքննության մարմինների վրա և այդ իսկ պատճառով վերոնշյալ անձինք ազատվել են պատասխանատվությունից, սակայն ի պատիվ ՀՔԾ-ի և դատախազության պետք է նշեմ, որ նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի տուժողների վնասները վերականգնվեն։
Առաջին ատյանի դատարանը հաստատված համարեց ամբաստանյալի մեղքը և կայացրեց արդարացի դատավճիռ` պահպանելով քննիչի կողմից տուժողների վնասը վերականգնելու նպատակով կիրառված արգելանքները: Սակայն Վերաքննիչ դատարանը կայացրեց աննախադեպ մի որոշում։ Նախ ապօրինի վարույթ ընդունվեց Դոնարա Նազարյանի վերաքննիչ բողոքը։
Հասկանո՞ւմ եք` ՀՀ ցանկացած քաղաքացի պարտադիր չէ, որ լինի իրավաբան, հստակ գիտի, որ Վերաքննիչ դատարան դիմելու համար պետք է դիմի ընդհանուր իրավասության դատարան և նոր վերջինիս կայացրած դատական ակտը բողոքարկի վերադաս ատյան։ Սակայն Դոնարա Նազարյանը մասնակից լինելով և՜ նախաքննությանը, և՜ դատաքննությանը,երբևիցե տուժողներից հափշտակված և ապօրինի իրենց տիրապետման տակ գտնվող գույքը արգելանքից հանելու միջնորդություն չի ներկայացրել և այս պարագայում նա վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չուներ։
Ավելին` Դոնարա Նազարյանը բաց էր թողել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը և այն վերականգնելու համար պետք է դիմեր դատական, նոր մերժում ստանալուց հետո դիմեր վերաքննիչ։ Սակայն միանգամից դիմել է վերաքննիչ դատարան և վերջիններս, դուրս գալով իրենց լիազորություններից, դարձել են առաջին ատյանի դատարան և քննել միջնորդությունը, լուծել ընթացքը, որը անթույլատրելի է։
Ի դեպ, վերաքննիչ դատարանի շահագրգռվածությունը հափշտակված գույքը արգելանքից հանելու հետ կապված այն աստիճան է եղել, որ վերջիններս իրենց որոշումով հակասել են հենց իրենց։ Մի դեպքում վերաքննիչը հաստատված է համարել, որ գույքը հափշտակված է և դատապարտել է ամբաստանյալին, իսկ հափշտակված գույքը կալանքից հանելու նկարագրական մասում նշել է, որ այն հափշտակված չէ։ Հատկանշանական է նաև այն,որ սույն ապօրինի որոշում կայացնող նիստի նախագահողը`Ռուզաննա Բարսեղյանը, Արդարադատության Խորհրդի անդամ է և ով ով բայց ինքը պարտավոր է օրինականություն պաշտպանել:
-Ի՞նչ կարծիքի եք, ո՞րն է այս ապօրինության դրդապատճառը:
Ինչպես ես նշեցի քիչ առաջ այս գործով աբաստանյալի աթոռին պետք է նստած լինեին և Նազարյանները և Բաբակեխյանները։ Սակայն նրանց հաջողվեց դուրս պրծնել և հիմա էլ անպատժելիությունից ոգևորված փորձում են նաև իրենցով անել տուժողներից հափշտակված գույքերը և վերաքննիչ դատարանն էլ ամբողջ կազմով օժանդակում է վերջիններիս։
Ինչն է իրական դրդապատճառը չգիտեմ,կարող է դա կապված լիներ Նոր Տարվա ապրանքների թանկացումների հետ,միգուցե դատական ակտի կայացմանը միջամտել են Կարեն Բաբակեխյանը կամ նրա խնամի Հարություն Քուշքյանը, այդ իսկ պատճառով էլ կիրազեկենք ՀՀ նախագահին Վերաքննիչ դատարանի ապօրինության մասին, կներկայացնենք Վճռաբեկ բողոք, կդիմենք Արդարադատության խորհրդին, ինչպես նաև կդիմենք ՀՀ վարչապետի կողմից ղեկավարվող հակակոռուպցիոն հանձնաժողովին` սույն ապօրինի որոշման մեջ կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու և գնահատական տալու համար։
Միակ բանը, որ կարող եմ վստահաբար նշել, այս անգամ Կարեն Բաբակեխյանին չի հաջողվելու մարսել ակնհայտ հափշտակված գույքը և դա բացառելու համար տուժողները պատրաստ են գնալ մինչև վերջ: