Մշակույթ Տեսանյութեր 

«Եվրատեսիլի» հայկական երգի պրեմիերան. Իվետա Մուկուչյան՝ «LoveWave»

Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մեր երկիրը կներկայանա “LoveWave” երգով. Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը եվրատեսիլյան բեմից միջազգային երաժշտասեր հանրությանը կներկայանա գերզգացմունքային ստեղծագործությամբ, տեղեկացնում է Հանրային հեռուստատեսության պաշտոնական կայքէջը:

Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացվող “LoveWave” երգի երաժշտության համահեղինակները Լևոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Երգի հիմքում երգչուհու ապրումներն են ու զգացմունքները: Ինչպես երկրաշարժի, այնպես էլ սիրո ալիքը տագնապեցնող է, սթափեցնող, այն կարող է մեկ վայրկյանում փոխել մարդուն ու նրա կյանքը:

«Ես ցանկացա երգել այն զգացմունքի մասին, որը ճանաչում ենք, գիտենք, զգում ենք ու դրանով ենք ապրում կամ՝ գուցե առանց դրա չենք ապրում: Ցանկացա երգել անկեղծ էմոցիայի մասին, զգացողության, որ անհանգստացնում է, ապրեցնում և հուզում »,- ասում է Իվետա Մուկուչյանը:

Մրցութային երգի տեսահոլովակը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ գերմանական “Blacksheep communications”-ի համատեղ արտադրությունն է: Տեսահոլովակի շրջանակներում Իվետա Մուկուչյանը համագործակցել է Kivera Naynomis (գլխավոր դիզայներ՝ Արևիկ Սիմոնյան) նորաձևության տան հետ:

Տեսահոլովակում գործողությունների փոխարեն ապրումներ են, ստանդարտ սյուժեի փոխարեն՝ խճճված ներաշխարհ: Էկրանից այն կողմ իրականությունն է՝ լուսանկարի ճշգրտությամբ, աբստրակտ պատկերի խորությամբ:

Իրականացվել են մակրոնկարահանումներ, որոնք թույլ են տալիս պատկերացնել սիրո քիմիան, որը տարածվում է ամբողջ մարմնով՝ խորհրդանշելով սիրո զարգացումն ու անկումը:  Հերոսների զգացումները, միացումն ու բաժանումը արտացոլված է գրաֆիկական հետաքրքիր լուծումներով:

Հիշեցնենք, որ տեսահոլովակում Իվետա Մուկուչյանի զուգընկերը շվեդ հայտնի մոդել, դերասան Բեն Դահլհաուսն է, ով համագործակցում է աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ եւ հանդիսանում դրանց գովազդային դեմքը: Նա նաև մեծ մասսայականություն է վայելում սոցցանցերում:

Նույն շարքից