Առողջապահություն Գլխավոր Հասարակություն 

Բացառված է, որ հայկական ծննդատներում սարքավորումներ չլինեն որակյալ ծննդօգնության համար. փոխնախարար

analitik.am

«Բացառված է, որ հայկական ծննդատներում չլինեն սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են որակյալ ծննդօգնության և նորածիններին հոգ տանելու համար»,- նման կարծիք է հայտնել առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը` մեկնաբանելով մոնիտորինգի արդյունքները, որ Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան իրականացրել է USAID-ի ֆինանսավորմամբ:

Նրա խոսքով, արտոնագիր ստանալու համար ծննդատունը պիտի ունենա ցուցակի բոլոր սարքավորումները, որը հաստատվել է Հայաստանի կառավարության որոշմամբ:  Այդ ցուցակում նշված է, թե ինչ հնարավորություններ և ինչ տեխնիկա պիտի ունենան 1, 2 և 3 կարգի ծննդատները, և բոլոր արտոնագրված ծննդատները պիտի համապատասխանեն դրան:

Սերգեյ Խաչատրյանի խոսքով, հնարավոր է, որ պակասող սարքավորումները, որոնց մասին խոսվում է մոնիտորինգի արդյունքներում, չեն մտնում անհրաժեշտ սարքավորումների ցուցակի մեջ, որը հաստատել է կառավարությունը, և կլինիկաները դրանք տեղադրում կամ չեն տեղադրում իրենց հայեցողությամբ: Ամեն դեպքում անհրաժեշտ է ստուգել այդ տվյալները, ընդգծել է փոխնախարարը:

«Բացառված է, որ մեր ծննդատներում չլինեն սարքավորումներ որակյալ ծննդօգնության ապահովման համար: Ես կհրահանգեմ ստուգել, թե իրականում ինչպիսին է վիճակը: Եթե կան սարքավորումներ, որոնք կարելի է ավելցնել և բարելավել ծննդատների տրամադրած ծառայությունները, մենք դրանք կավելացնենք ցուցակին», - ասել է փոխնախարարը:

Նա նաև հավելել է, որ եթե Հայաստանի ծննդատներում չլինեին իրոք անհրաժեշտ սարքավորումներ, նորածինների շրջանում մահացությունը կաճեր, ոչ թե կնվազեր:

Հիշեցնենք, որ ինչպես ցույց է տվել մոնիտորինգը, որն անցկացրել է Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան, հայկական շատ ծննդատներում չկան բոլոր անհրաժեշտ սարքավորումները, օրինակ` էլեկտրական լրացուցիչ աղբյուր, ինվազիվ շնչառական սարքավորումներ, հատուկ սեղան վերակենդանացման միջոցառումների համար և այլն:

Նույն շարքից