Հասարակություն Պատահարներ 

Երևանում պայթած 63 համարի ավտոբուսի վարորդի մոտ լսողական ապարատի խնդիրներ կան

analitik.am

Երևանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին պայթած երթուղային ավտոբուսի վարորդի՝ Սուրեն Ստեփանյանի մոտ նույնպես առողջական խնդիրներ են առաջացել:

«Լսողական ապարատի խնդիրներ ունեմ, բժիշկների հսկողության տակ եմ: Պետք է նորից ստուգումների գնամ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է վարորդը:

50-ամյա Սուրեն Ստեփանյանը շուտով աշխատանքի կվերադառնա:

Հիշեցնենք, որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել էր ապրիլի 25-ին` ժամը 21:45-ի սահմանում, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ և 8 տուժած:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ պայթած ավտոբուսի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ Քննությամբ և ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականների հետ և նախապատրաստվել է պայթեցման եղականով վնասել նրանց:

ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի Ռուբեն Բալյանն է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում  ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ:

Հիշեցնենք նաև, որ 63 համարի ավտոբուսի պայթյունից մեկուկես ժամ առաջ տեսախցիկները ֆիքսել էին, որ պայթյունի ենթադրյալ մեղավորն ուսապարկով գնում է մոր տան ուղղությամբ:

Նույն շարքից