Հայաստան Քաղաքականություն 

«Մենք դեռ չենք սպառել մեր ակնկալիքները Ռուսաստանից». Արմեն Աշոտյան

analitik.am

Այսօր` մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև ՀԱՊԿ անդամ ոչ բոլոր երկրների՝ Հայաստանի կողքին կանգնած լինելու պատճառներին՝ ասելով, որ մենք դեռ չենք սպառել մեր ակնկալիքները Ռուսաստանից, իսկ Հայաստանում հակառուսական ալիքներ ստեղծելն անկեղծ չէ:

«Մենք մտել ենք այն կառույցը, որտեղ Ռուսաստանն է: ՀԱՊԿ մտնելիս մենք հույսներս չենք դրել այլ երկրների վրա: Ակնհայտ է, որ Երևան - Աստանա ճանապարհն անցնում է Մոսկվայով, Երևան- Մինսկ ճանապարհն անցնում է Մոսկվայով: Մեր ակնկալիքները պետք է խարխսված լինեն մեր միջազգային հնարավորությունների հետ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը կրկին ընդգծեց, որ չպետք է սպասել հարցի լուծմանը Վաշինգտոնից, Բրյուսելից կամ Մոսկվայից:

Աշոտյանը խոսեց նաև Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հարցազրույցի մասին, ով ասել էր.

«Երբ կընդունվի կարգավիճակի մասին որոշում և աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը, կամ էն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում, սա մեր բուֆերային գոտին է և մեր անվտանգության երաշխիքն է: Մեր փոխզիջումը ոչ թե հինգ «գրավյալ» տարածքներն են, այլ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը»:

Ահա Նաղդալյանի այս հայտարարությանը բանախոսն այսպես արձագանքեց.

«Արդյո՞ք դուք կարծում եք, որ այս թեմայի հետագա նման քննարկումը բարձրացնում է մեր զինվորի ոգին ու հոգին: Արդյո՞ք չի բերում նրան, որ առաջնագծում գտնվող մեր զինվորները կարող են որոշակի հոգեբանական խնդիրներ ունենալ: Ղարաբաղյան հարցը Ազգային ժողովի մանդատը չէ, այլ երկրի նախագահինն է, որն էլ հստակ ներկայացրել է ամեն ինչ: Այս հարցի իրական տերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է. Բակո Սահակյանն արդեն կարծիքը հայտնել է»:

ՀՀԿ փոխնախագահը հրաժարվեց մեկնաբանել ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի հարցազրույցը` նշելով, որ «անլուրջ» է այդ մասին խոսելը:

Նշենք, որ ասուլիսի ժամանակ բանախոսն անդրադարձել էր նաև օլիգարխների գումարներն առգրավվելու և բանակին ուղղելու հարցին՝ ասելով, որ դա խնդրի լուծում չէ :

Նույն շարքից