Lragir.am-ն այսօր մի նյութ էր հրապարակել, որտեղ ասվում է, որ տարիներ առաջ, Ռուսաստանի նախաձեռնությամբ` Միխայիլ Շվիդկոյի ձեռաց, իրականացվեցին իբր հասարակական-մշակութային դեսանտներ Երևան և Բաքու: Սկզբից ադրբեջանական պատվիրակությունը Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու գլխավորությամբ եկավ Երևան, ինչին հաջորդեց հայկական պատվիրակության` ՀՀ-ից և Արցախից ժամանումը Բաքու: Արցախը մի կողմ, բայց միանգամայն հասկանալի է, որ Հայաստանից պատվիրակության կազմի մեջ անհրաժեշտաբար պետք է ընդգրկվեին ռուսական կողմի քիմքին հարմար անձինք: Ռուսաստանի նախաձեռնած, բայց հայկական կողմին բաձարձակապես ոչ անհրաժեշտ այդ միջոցառմանը Հայաստանից Բաքու էր գործուղվել նաև Հերմինե Նաղդալյանը:
Հայկական պատվիրակությանը ընդունում է Իլհամ Ալիևը, որից հետո հայերին տեղավորում են մի տեղ և «հաց են տալիս»: Ինչպես այդ օրերին մամուլում վրդովված պատմում էր Արցախից պատվիրակության մեջ ընդգրկված բժշկուհի Լյուդմիլա Գրիգորյանը, որը պատերազմում կորցրել էր իր ամուսնուն`1989-90 թթ. Գյումրիից Արցախ տեղափոխված ազատամարտիկ Ավետիս Գրիգորյանին, այնպիսի տպավորություն էր, թե հայկական պատվիրակությունը եկել եղբայրական Ադրբեջան, հիմա էլ, երեկոյան, վայելում է ընդունող կողմի տված հացը: Առավել վրդովմունքով նա հիշատակում էր Հերմինե Նաղդալյանին, որն այդ «հացի» ժամանակ ինչ-որ երաժշտություն էր մռմռում ու պարային շարժումներ անում: Բժշկուհին այդ ամենից խիստ հիասթափված, զայրացած ու վշտացած մեկուսանում է հյուրանոցի պատշգամբում: Մի քիչ անց այդ նույն երաժշտությունը մռմռալով ու թեթևակի պարելով նրան է մոտենում Հերմինե Նաղդալյանը և հորդորում «թեթև նայել հարցերին և վայելել կյանքը»:
Արդեն մի քանի օր է՝ ամբողջ համացանցը թնդում է պահանջելով Հերմինե Նաղդալյանի հրաժարականը, ներկայացված են բոլոր ապացույցներն այդ տիկնոջ կողմից իրականացվող եթե ոչ հակահայկական, ապա ոչ հայկական քաղաքականության վերաբերյալ, սակայն կարծես թե ոչինչ չի փոխվում: Analitik.am-ն էլ օրերս հոդված էր հրապարակել տիկին Հերմինե ունեցվածքի չափերի մասին:
Տիկին Հերմինեն սակայն չի ցանկանում մեկնել վաստակած հանգստին, ավելին՝ պայքարում է բոլոր հնարավոր միջոցներով՝ անգամ ֆեյքեր է բացել ՖԲ-ում, որոնցից մեկն էլ այսօր ի պաշտպանություն իրեն հոդված է գրել և ուղարկել ինչ-որ կայքի խմբագրություն: Տիկին Հերմինեն էլ համալրեց ֆեյքերի հույսին մնացած քաղաքական գործիչների շարքը, ո՞վ կմտածեր…