«Մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դիմել է Վաշինգթոն՝ խնդրելով, որ իրեն ընդունեն և դրական պատասխան ստացել. երկրի նախագահ Էրդողանն էլ, իմանալով այդ մասին, իսկույն նրան հրավիրել է իր մոտ և պահանջել հեռանալ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնից»,- այսօր՝ մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Նրա խոսքով, Վաշինգթոն այցելությունից հետո թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ կուսակցության ներսում, Դավութօղլուի դիրքերը կամրապնդվեին և Էրդողանը չէր կարողանա կուսակցությունը դարձնել իր կամակատարը:
«Էրդողանն արդեն երեք տարի է նախագահի պաշտոնն է զբաղեցնում, երեք տարի է դիմել է Վաշինգթոն, որ պաշտոնական այցով մեկնի և Օբաման նրան ընդունի Սպիտակ տանը, սակայն ԱՄՆ-ը մերժում էր: Առհասարակ, նման այցի համար երկու տարի սպասում են, բայց Էրդողանը 3 տարի է սպասում»,- ասաց թուրքագետը:
«Վերջապես հանդիպումը կայացել է, որը տևել է 35 րոպե: Դրանից հետո Էրդողանը հայտարարել է, որ խոսել են Հյուսիսային Սիրիայում քրդերի խնդրի մասին և ԱՄՆ-ը կողմ է իրենց դիրքորոշումներին, մինչդեռ Թուրքիան Հյուսիսային Սիրիայի քրդերին համարում է ահաբեկիչներ, իսկ պաշտոնական Վաշինգթոնը բազմիցս հայտարարել է, որ Հյուսիսային Սիրիայի քրդական ուժերը ԱՄՆ-ի ցամաքային զորքերն են»,- ընդգծեց Չաքրյանը:
Ըստ Չաքրյանի՝ այս առնչությամբ լրագրողների հարցին ի պատասխան Բարաք Օբաման հայտարարել է, որ Հյուսիսային Սիրայի քրդերի հարցը Էրդողանի հետ հանդիպմանը չեն քննարկել: «Փաստորեն Էրդողանը ստել է ԱՄՆ նախագահի անունից»,-նշեց թուրքագետը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրդողան - Դավութօղլու տանդեմը քայքայվում է, Էրդողանը որոշել է հեռացնել պաշտոնից Դավութօղլուին:
Նախատեսվում է, որ առաջիկա ժամերին Դավութօղլուն հանդես կգա հայտարարությամբ, իսկ 20 օրվա ընթացքում տեղի է ունենալու «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ կոնգրեսը, որի ընթացքում կուսակցության նոր նախագահ է ընտրվելու։