Անալիտիկ կենտրոն Մամուլի ակումբ 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակ. Ի՞նչ անել վարակից խուսափելու համար

analitik.am

 

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում կայացած «ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակ. Ի՞նչ անել վարակից խուսափելու և տարածումը կանխելու համար» թեմայով ասուլիսի հյուրերն էին UNAIDS-ի տարածքային Թիմի հայաստանյան ներկայացուցիչ Արուսիկ Մկրտչյանը (DJ Vakcina), ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչ Արևիկ Պետրոսյանը:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչ Արևիկ Պետրոսյանը նշեց, որ hարկ է իմանալ, որ ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն երեք ճանապարհով` սեռական ճանապարհով, արյան միջոցով և մորից երեխային: Այսինքն վարակման տեսանկյունից վտանգավոր են արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկները, մայրական կաթը: Վարակումը տեղի է ունենում, երբ նշված կենսաբանական հեղուկները ՄԻԱՎ վարակով հիվանդի օրգանիզմից ներթափանցում են առողջ մարդու օրգանիզմ` լորձաթաղանթների կամ վնասված մաշկի միջոցով:

«Ավելի քան 30 տարի առաջ իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն այսօր դարձել է մարդկության զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավեր, իսկ ՄԻԱՎ վարակի համաճարակը ստացել է համավարակի բնույթ, որից չի խուսափել աշխարհի և ոչ մի երկիր: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: 2012թ. նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1586 դեպք  ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500»:

UNAIDS-ի տարածքային Թիմի հայաստանյան ներկայացուցիչ Արուսիկ Մկրտչյանի (Dj Vakcina) խոսքով`  արվեստի, միջոցառումների միջոցով երիտասարդներին ավելի հեշտ է  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին ինֆորմացիա տրամադրելը, քան սեմինարների: Այսպիսի միջոցառումներ կազմակերպելու առումով Հայաստանը ռեգիոնում առավել  ակտիվ է:  «Մենք այսպիսի միջոցառումների միջոցով հասարակության լայն զանգվածներին կարողանում ենք ինֆորմացիա  տրամադրել, թե  ինչպիսի վարքագիծ է պետք դրսևորել, որպեսզի այս հիվանդությունից հնարավոր լինի խուսափել: Մենք Հայաստանում հայտնի  աստղերի միջոցով իրականացրել ենք ակցիաներ և համապատասխան ինֆորմացիան փոխանցել մարդկանց: Միջոցառումների ընթացքում մարդիկ կարող են թեստավորում անցնել, որպեսզի կարողանան կանխարգելել հիվանդությունը: Կարող եմ վստահեցնել, որ չթեստավորված մարդիկ մեծ վտանգ են ներկայացնում և կարող են ՄԻԱՎ-ի վարակի փոխանցող  լինել: 

 

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ՝ դեկտեմբերի 1-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպվելու է միջոցառում,  և ներկաները հնարավորություն են ունենալու անցնել անանուն թեստավորում, իսկ ռիսկային վարքագիծ ունեցողները ստանալու են անվճար բուժում:  «Kami club»  ակումբում նույնպես կազմակերպվելու է միջոցառում, որին մասնակցելու են շոու բիզնեսի  հայտնի  աստղեր, ովքեր մասնակցել են նաև անցած ակցիաներին: Լինելու  են  Դեր Հովան, Սերժոն և այլ աստղեր: Ուրախ միջոցառում անելը լավ տարբերակ է մարդկանց ինֆորմացիան հասցնելու համար, որովհետև  երբ մարդկանց հետ խոսում ես  երաժշտության լեզվով, ինֆորմացիան ավելի հասանելի է լինում»: 

Արուսիկ Մկրտչյանը նաև նշեց, որ բնակչության շրջանում  շատ դեպքերում թյուրիմացություն կա ՄԻԱՎ վարակի ու հեպատիտի հետ կապված, ու եթե ՄԻԱՎ-ի վիրուսը ոչնչանում է օդում շատ կարճ ժամանակում, ապա հեպատիտ B կամ C-ի  վիրուսը կենդանի է մնում անգամ մի քանի օր անց»:

Արևիկ Պետրոսյանն էլ նշեց, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը  վարքագծային հիվանդություն է, և եթե մարդը չի ցանկանում ձեռք բերել այդ հիվանդությունը, ապա զգուշանում է և չի հիվանդանում: «Միգրացիոն գործոնը լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, քանի որ արտերկրում տղամարդիկ անզգուշորեն վարակվում են  և վերադառնալով՝ վարակում  իրենց կանանց: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՌԴ-ի օգնության ծրագրի շրջանակներում իրականացնում է ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրեր. հանրապետության մի քանի մարզերում շարժական բժշկական թիմի կողմից տրամադրվելու է խորհրդատվություն միգրանտներին ու նրանց ընտանիքներին ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, հետազոտություններ ՄԻԱՎ-ի, սեռավարակների, հեպատիտներ B-ի և C-ի վերաբերյալ:

Յուրաքանչյուր մարդ պետք է  մտածի ու հոգ տանի  իր առողջության մասին, պետք է պահպանի անվտանգության բոլոր կանոնները:  ՄԻԱՎ-ն ունի պատուհանի շրջան. սա այն շրջանն է, երբ օրգանիզմում արտադտված հակամարմինների քանակը բավարար չէ լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերելու համար և տևում երեք ամիս: Սա վտանգավոր է, քանի այս ժամանակահատվածում հիվանդությունը կարող է  տարածվել: Հետևապես կարևոր է ճիշտ գնահատել սեփական վարքագիծը ու ռիսկային վարքագիծ ունենալուց միջինում երեք ամիս հետո հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ»:

Արուսիկ Մկրտչյանը շեշտեց, որ յուրաքանչյուրը  պետք է պատասխանատվություն զգա իր և իր շրջապատի մարդկանց հանդեպ: Պետք է մաքսիմում ճիշտ գնահատել  սեփական վարքագիծը և հստակ իմանալ, եթե ունեցել ես ռիսկային վարքագիծ, անհրաժեշտ է գնալ ստուգման: Մեր տարածաշրջանում հիվանդության աճը շարունակվում է, որը գալիս է ինֆորմացիայի պակասից:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի միջազգային օրը: ՄԻԱՎ նշանակում է մարդու իմունային անբավարարության վիրուս: Ներթափանցելով օրգանիզմ այն առաջացնում է ՄԻԱՎ վարակ հիվանդությունը: Սա երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի վերջնային փուլը կոչվում է ՁԻԱՀ` ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ: ՄԻԱՎ-ը կարող է ախտահարել բոլորին` անկախ սեռից, տարիքից, սեռական կողմնորոշումից, մասնագիտությունից: ՄԻԱՎ-ով կարող է վարակվել ցանկացած մարդ, ով վիրուսի համար «ճանապարհ կբացի» դեպի իր օրգանիզմ: Առավել հաճախ վարակվում են նրանք, ովքեր չգիտեն:

Նույն շարքից