Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանն այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց, որ համալսարանի աշխատակիցների աշխատավարձը նվազել է, իրենց աշխատանքն էլ ավելացել: «Երեկ մեզ մոտ պրոֆսայուզի նիստ եղավ: Կոլեկտիվից շատերի մոտ այնպիսի տպավորություն էր, որ բուհը, որպես կազմակերպություն, կանգնած է ֆինանսական կոլապսի առաջ, այսինքն` բանկրոտի շեմին է: Պարոն ռեկտորը ստիպված կրճատում է դասախոսների աշխատավարձը՝ խնդիրը լուծելու համար: Բայց դա արվում է բարեփոխումների շղարշի ներքո: Ռեկտորը փորձում է դոցենտների ու պրոֆեսորների քանակը նվազեցնել, քիչ վարձատրությամբ աշխատեցնել դասախոսներին»,- ասաց պրն Խաչատրյանը` հավելելով, որ փորձ է արվում համալսարանի ֆինանսական խնդիրները լուծել դասախոսների միջոցով՝ բարեփոխումների անվան տակ:
Աշոտ Խաչատրյանի խոսքով` պարզելու համար`արդյոք համալսարանն ունի ֆինանսական խնդիրներ, պետք է անցկացվի աուդիտ, իսկ դա կարող է անել միայն կառավարման խորհուրդը:
Ֆիզիկայի ամբիոնի վարիչը հերքեց այն խոսակցությունները, թե դասախոսները ռեկտորի դեմ ինչ-որ բան ունեն: «Երեկ՝ պրոֆսայուզի նիստում, ռեկտորի քաղաքականությունը քննադատեցին նաև նախկին երկու ռեկտորները»,- մանրամասնեց պրն Խաչատրյանը:
Համալսարանի աշխատակցի խոսքով` նոր ստորագրահավաք կսկսվի, որից հետո իրենք նամակ կուղղեն Արմեն Աշոտյանին և կառավարման խորհրդին, որում կքննարկվի նաև ռեկտոր Արա Ավետիսյանի լինել-չլինելու հարցը:
Ի դեպ, նշենք, որ համալսարանում վախի մթնոլորտ է, շատերը հրաժարվում են միանալ ստորագրահավաքին` մտածելով, որ կկորցնեն իրենց աշխատանքը, որի պատճառն է ռեկտորի վարած քաղաքականությունը, ինչը զարմանալի չէ, քանզի պարոն Խաչատրյանը նշեց, որ ռեկտորը հպարտանում է նրանով, որ ժամանակին նկատողություն է արել Սիլվա Կապուտիկյանին, ով բացարձակ չէր սիրում անարդարություն, անազնվություն, ինչը վկայում է ռեկտորի կառավարման ոճի մասին: