Մամուլի ակումբ 

Ես ապշած եմ Քրիստինե Պեպելյանի տարածած լուրերից և բարձրացրած սկանդալից. Աստղիկ Խաչատրյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Դեկտեմբերի 1-ին կայանալիք բարեգործական համերգի մասին. Քրիստինե Պեպելյանի տարածած հայտարարությունը» թեմայով ասուլիսի ժամանակ «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը խոսեց դեկտեմբերի 1-ին կայանալիք բարեգործական համերգի մասին` պարզաբանելով երգչուհի Քրիստինե Պեպելյանի` համերգի հետ կապված բարձրացրած սկանդալը:
«Նախապես ասեմ, որ ես ապշած եմ Քրիստինե Պեպելյանի տարածած լուրերից և բարձրացրած սկանդալից: Միշտ համագործակցել ենք նրա հետ, և ոչ մի անգամ այսպիսի թյուրիմացություն չի եղել, իսկ գումարի հարց նախկինում երբեք չի շահարկվել»: Աստղիկ Խաչատրյանի խոսքով` իրենց խորհրդի կազմակերպած բարեգործական համերգներին երգիչները երգում են վճարովի հիմունքներով, և բարեգործությունն իրականացնում է «Համազգային Վստահություն» խորհուրդը: «Սա մեր բարեգործությունն է, ոչ թե երգիչների: Մենք երգիչների հետ հիմնականում կնքում ենք պայամանագիր, սակայն, այս անգամ բյուջեն քննարկելուց հետո, մեր բյուջեից ելնելով, հասկացանք, որ մեզ հարմար չէ Քրիստինե Պեպելյանի մասնակցությունը, քանզի բյուջեն ուղղակի չի բավականացնում: Մենք պատրաստ ենք նրա հետ համագործակցել հաջորդ համերգների ժամանակ: Սա նորմալ երևույթ է, երբ նախնական բանակցությունների արդյունքում վերջնական համաձայնություն է ձեռք բերվում, կամ ոչ, և ուղղակի անիմաստ էր այսպիսի սկանդալ բարձրացնելը»:
Բանախոսը շեշտեց, որ ոչ մի տպագիր նյութ կամ գովազդ չի եղել, որի վրա Քրիստինեի անունը նշված լինի, և տոմսարկղերից մինչև այսօր ոչ մի տոմս չի գնվել: Նրա խոսքով` ոչ մի կազմակերպություն ու երգիչ , ովքեր համագործակցում են իրենց խորհրդի հետ, մինչ այսօր ոչ մի բողոք չեն ներկայացրել, քանի որ նրանց գումարները վճարվել են նախապես՝ համերգից մի քանի օր շուտ: «Ես մեղավորության բաժին չեմ տեսնում: Մենք այս համերգը կազմակերպում ենք մեր կազմակերպության անունից, և բարեգործությունն էլ իրականացնում է հենց մեր կազմակերպությունը, իսկ երգիչները վճարվում են: Ես լուրջ սկանդալի իմաստ չեմ տեսնում այս ամենի մեջ»:
Աստղիկ Խաչատրյանը նշեց նաև, որ դեկտեմբերի 1-ի համերգը կկայանա, որին կմասնակցի երգիչների պրոֆեսիոնալ կազմ: «Սա պարտք է, որը մենք ամեն տարի կատարում ենք՝ օգնելով կարիքավորներին, դա մեր կազմակերպության գործունեության սկզբունքներից է»:
Լրագրողի հարցին, որ կան շշուկներ, որոնց համաձայն Խորհուրդը պառակտվում է, Աստղիկ Խաչատրյանը պատասխանեց. «Դրանք չեն համապատասխանում իրականությանը, Խորհուրդը կազմակերպությունների միավորում է, և այն գնալով ավելի է մեծանում: «Համազգային Վստահություն» խորհրդի գործունեության երրորդ տարին է արդեն, և մենք համագործակցել ենք ՀՀ-ում գործող գրեթե բոլոր կազմակերպությունների հետ, որոնք մշտապես գոհ են եղել համագործակցությունից: Մենք անցկացրել ենք մրցանակաբաշխություններ, հասարակական տարբեր նախաձեռնություններ, ինչպես նաև հրատարակել ենք «Մեր օրերի հայ անվանի կանայք» գիրքը, որտեղ ներկայացված են բոլոր այն կին գործիչները, ովքեր դրական դերակատարություն են ունեցել Հայաստանի զարգացման հարցում: Գիրքը հովանավորվել է Տարոն Մարգարյանի կողմից, սակայն առանց որևէ քաղաքական շահի, մենք ունենք նաև «Վիվասելի» հովանավորչությունը, որի արդյունքում տպվել է մեր ամսագիրը»:Լրագրողները հետաքրքրվեցին նաև «Համազգային վստահություն» խորհրդի քաղաքական ուղղվածության մասին, որին ի պատասխան Աստղիկ Խաչատրյանը նշեց.«Մենք որևէ քաղաքական կողմնորոշում չունենք, մենք բացարձակ չենք հետաքրքրվում և չենք զբաղվում քաղաքականությամբ, իսկ համագործակցություններ և հովանավորչություն ունենալու դեպքում էլ քաղաքական նպատակներ չեն հետապնդվում: Մենք մշտապես անդրադառնում ենք հասարակական ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրներին, սոցիալական հարցումների միջոցով պարզում ենք տարվա լավագույներին, օրինակ անցկացվել են մրցանակաբաշխություններ «Տարվա բժիշկ և բուժհիմնարկ», «Տարվա լավագույն ապրանքանիշ», «Տարվա լավագույն հանրային ծառայող» ուղղություններով, որոնց ընթացքում մենք առաջնորդվել ենք «ժողովուրդն է որոշում արժանիներին» սկզբունքով: Մեր Խորհրդի գործունեությունը բավականին ծավալուն և բովանդակալից է, ուստի Քրիստինե Պեպելյանի հետ կատարված այս միջադեպն ուղղակի անհասկանալի է մեզ համար: Ամեն դեպքում մենք սարսափելի ոչինչ չենք տեսնում պատահածի մեջ, և հետագայում՝ անհրաժեշտության դեպքում, նորից կառաջարկենք Քրիստինեին մասնակցել մեր կազմակերպած համերգներին, ուղղակի այս անգամ չստացվեց: Նորմալ, բնականոն երևույթ է, երբ բանակցային փուլում՝ մինչև իրավական ուժ ստանալը, հանգամանքները փոխվում են և համագործակցություն չի կայանում, ուստի իմաստ չունի այս ամենից սկանդալ սարքել»:

Նույն շարքից