Մամուլի ակումբ 

«Տոնուս» ՍՊԸ-ի և Արցախբանկի միջև հնարավոր է հանցավոր համաձայնություն կա. Գագիկ Գրիգորյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ««Տոնուս» ՍՊԸ-ն խախտել է ՀՀ քաղաքացիների սեփականության իրավունքը. Ո՞վ է պատասխան տալու, ի՞նչ է արվում պետական մարմինների և իրավասու անձանց կողմից հարցին լուծում տալու համար» թեմայով ասուլիսի հուրերն էին   «Տոնուս» ՍՊԸ-ի գործունեությունից տուժած քաղաքացիներ Արթուր Իսպիրյանը, Զոյա Պետրոսյանը, ազատամարտիկ Գագիկ Գրիգորյանը,  ինչպես նաև քաղաքացիների շահերը պաշտպանող իրավաբանը:

Խոսելով թեմայի մասին՝ Արթուր Իսպիրյանը նշեց, որ մոտավորապես վեց-յոթ տարի առաջ՝ 2008թ.-ից , մարդիկ գործարքներ են կնքել «Տոնուս» ՍՊԸ-ի հետ, բնակարաններ են գնել Դավթաշեն թաղամասում և  Փափազյան փողոցում գտնվող 2 շենքերում, վճարումներ են կատարել, բայց բնակարանները չեն ստացել: «Երբ մենք պահանջեցինք մեր վկայականները, պարզվեց, որ շենքը գրավ է դրված Արցախբանկում»: Նա նշեց որ իրենք դիմել են պատկան մարմիններին, բայց ապարդյուն: «Անթույլատրելի է շուրջ 5000 մարդու անտուն թողնելը և չարձագանքելը»:

 

Զոյա Պետրոսյանն ավելացրեց, որ շատ ցավալի է ապրել այնպիսի երկրում, որտեղ օրենքը չի գործում, և պետությունը չի  հարգում իր քաղաքացուն: «Երևանում չկա մի մարդ, ով տեղյակ չլինի այս խնդրից»:


Զոյա Պետրոսյանը նշեց, որ իրենք արդեն դիմել են ՀՀ Նախագահի աշխատակազմին, և նրանք խոստացել են խնդրին լուծում տալ, այլապես իրենք պատրաստվում են լքել երկիրը: Նա նաև ավելացրեց, որ բանկի հետ ևս խնդիրներ կան՝ բանկը որևէ փաստաթուղթ չի տալիս, որով սնանկության կառավարիչը կամ իրավաբանը կարող է գործ հարուցել: «Գումար ենք ծախսել, բնակարան ենք գնել, բայց այսօր փողոցում ենք մնացել և այդպես  արդեն 10 տարի»:

Պատասխանելով, այն հարցին, թե սնանկության գործը հարուցվելուց  հետո ի՞նչ կոնկրետ առաջարկներ են եղել, Արթուր Իսպիրյանը պատասխանեց, որ դատարանը վերահաշվարկ է կատարել և առաջարկում են բնակարանները հատկացնել՝ հավելավճարի դիմաց, չնայած որ իրենք բնակարաննների ինքնարժեքից ավել գումար են վճարել: «Մեկ ուրիշ և շատ կարևոր խնդիր էլ կա. Եթե Դավթաշենում գտնվող բնակարանը 95%-ով պատրաստ է, և եթե խնդիրը լուծվի, բնակիչները կարող են տեղափոխվել, ապա Փափազյան փողոցի վրա գտնվող շենքի միայն արտաքին պատերն են դեռ պատրաստ ու անհասկանալի է, թե ինչ է անելու պատրաստ բնակարանի համար վճարած բնակիչն այդ կիսակառույց պատերը»:

 

Գագիկ Գրիգորյանն ավելացրեց, որ այս խնդրում երեք կողմ կա՝ բնակչությունը, «Տոնուս» ՍՊԸ-ն և «Արցախբանկը»: «Արցախբանկը» ֆինանսավորել է, վարկ է տրամադրել կազմակերպությանը՝ շենքի կառուցման համար՝ առանց քաղաքացիների վկայականների, ինչը անթույլատրելի է:  Դա նշանակում է, որ այստեղ հանցավոր համաձայնություն կա՝ «Արցախբանկի» և «Տոնուս» կազմակերպության միջև: Նա նաև նշեց, որ շատ ցավալի է, երբ պատկան մարմիններին դիմելիս, պետական բարձր մակարդակում լսում ենք հետևյալ պատասխանը. «Դա, ի վերջո, մեր գործը չի»:

 

Արթուր Իսպիրյանը նշեց, որ շենքերից մեկը՝ Դավթաշենի շենքը 95%-ով պատրաստ է և 35-40 բնակիչ արդեն ստացել է բնակարանը և անհասկանալի է, թե՞ ինչպես է որոշվել, թե ով պետք է բնակարան ստանա, ով՝ ոչ: Անդրադառնալով  այն հարցին, թե արդյոք չեն փորձել կապ հաստատել Աշոտ Տոնոյանի հետ, բնակիչները պատասխանեցին, որ  գրասենյակի հետ հնարավոր չի կապ հաստատել:

Խոսելով իրենց հետագա քայլերի մասին՝ Արթուր Իսպիրյանը նշեց, որ իրենք դեռ հավատում են, որ արդարությունը կհաղթի, որովհետև անհնար է պատկերացնել, որ մարդիկ կարող են վճարել բնակարանի համար, բայց չստանալ բնակարանները:

Անդրադառնալով «Արցախբանկի» այն հայտարարությանը, թե բանկը չի իմացել, որ բնակարաններ կան այդտեղ և մարդիկ են ապրելու, Գագիկ Գրիգորյանը պատասխանեց, որ բանկը չէր կարող դա չիմանալ, որովհետև բնակիչների վճարումները կատարվել են «Արցախբանկում» և դրա ապացույցը՝ անհրաժեշտ բոլոր պայմանագրերն ու փաստաթղթեր են:

Բնակիչների կարծիքով հարցի լուծումը պետք է պետական ամենաբարձր մակարդակով տրվի: «Արդեն 10 տարի այս հարցը չի լուծվում, ում դիմում ենք, ասում են՝ գնացեք ում տվել եք, նրանից էլ ուզեք: Ում էլ տվել ենք՝ սնանկ են ճանաչել ու պատասխանատվությունից ազատել: Նախագահը խոստացել է մեկ ամսում լուծել, մենք էլ կսպասենք ևս մեկ ամիս՝ 10 տարի սպասողը, մեկ ամիս էլ կսպասի»:

Չնայած արդեն 10 տարի ձգձգվող խնդրի անպատասխան մնալուն և հիասթափությանը՝ մի հարցում բոլոր բնակիչները միակարծիք են՝ ոչ մի տեղ չեն գնալու, մնալու են և պայքարեն իրենց իրավունքների համար:

Նույն շարքից