Մամուլի ակումբ 

2014-ին ԲՀԿ-ն դիմելու է կտրուկ քայլերի

analitik.am

«2014-ին ԲՀԿ-ն դիմելու է կտրուկ քայլերի»,- այս մասին այսօր  «Անալիտիկ»  կենտրոնում տեղի ունեցած «ՀՀ քաղաքական և տնտեսական ոլորտների մութ էջերը. Հայաստանին նոր տնտեսական ճգնաժա՞մ է սպասվում» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը:  

Բանախոսը խոսելով երկրի տնտեսության մասին, շեշտեց, որ Հայաստանն այսօր  պայթունավտանգ իրավիճակում  է, և այսօր  յուրաքանչյուր վատ արարք, Հայաստանի համար կարող է ճակատագրական լինել և երկրում ծայրահեղ իրավիճակ ստեղծել: Պետք է հստակ քայլեր ձեռնարկել՝  այս իրավիճակից երկիրը դուրս բերելու համար:

 

Հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն այլընտրանքային և խուսափողական դիրքից է հանդես գալիս, Զոհրաբյանը պատասխանեց.  «Այլընտրանք ու ընդդիմություն լինելու մասին պատկերացումները ժողովրդի մոտ այնքան էլ պարզ չեն. այլընտրանք նշանակում է, որ մեր խոսքը գործ է, այսինքն, մենք չենք ուզում, որ որևիցե  մեկի մատը փուշ մտնի, եթե մի բան ասվում է, ապա պետք է այն  իրագործել: Պետք չէ հետևել Ուկրաինայի օրինակին, քանի որ կտրուկ և անմտածված քայլեր անելով՝  մենք կարող ենք  արյունահեղության հասնել»:

 

Բանախոսի կարծիքով՝  պարտադիր  կուտակային  կենսաթոշակների համակարգը շատ վատ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա, որորվհետև մեր երկիրը դեռ   պատրաստ չէ դրան.  «Լավ ծրագիր է, սակայն մեր առայժմ երկրի համար չէ: «Պարտադիր» բառը պետք է դեմոկրատական երկրում չկիրառվի, եթե պետությունը ժողովրդի մասին է մտածում, ապա իշխանությունը պետք է  բերի փաստարկներ և ապացուցի ժողովրդին, որ այս նախաձեռնությունը լավ է ազդելու երկրի տնտեսության վրա, այլ ոչ թե պարտադրի»:

 

 Խոսելով  Մաքսային միություն մտնելու  մասին՝  ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանն ասաց. «Պետք է մարդկանց մանրակրկիտ բացատրեին, հասկացնեին, թե ինչ է Մաքսային միությունը, քննարկեին բնակչության հետ և նոր ժողովրդի հետ գային ընդհանուր համաձայնության: Բանախոսը տեղեկացրեց նաև,  որ ԲՀԿ-ն անելու է ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը չլքի Հայաստանը: Մարդկանց պետք է մեր աշխատանքով ցույց տանք, համոզենք, որպեսզի երկիրը չլքեն»:

 

 Գագիկ Ծառուկյանի մենաշնորհային դիրք ունենալու մասին Զոհրաբ Զոհրաբյանն ասաց. «ԲՀԿ-ում մենաշնորհ չկա, եթե ինչ-որ մեկը կարողանա ապացուցել, ես պատրաստ եմ ներողություն խնդրել և, սև պիտակ կպցնելով դեմքիս, լքել  Հայաստանը»:

 

Խոսելով ԲՀԿ- Ռոբերտ Քոչարյան կապի մասին՝ ասաց. «Բացարձակ կապ չունի Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի հետ, իսկ ինչ վերաբերում է Քոչարյան քաղաքական գործչին, ապա պետք է ընդունել՝ անկախ նրանից սիրում ենք իրեն, թե ոչ, հարգում են, թե ոչ, որ  Երկրորդ Նախագահի իշխանության գալու առաջին օրվանից  Հայաստանի բյուջեն ունեցել է չորս հարյուր միլիոն դրամ, իսկ նրա իշխանության օրոք բյուջեն հասել է երկու միլիարդ դոլարի: Սխալ է մեղադրել մի հոգու, ես սխալ եմ համարում, նույնը Ս. Սարգսյանի համար կարող եմ ասել, պետք չէ քննադատել միայն նախագահներին: Բոլոր նախագահների օրոք էլ եղել են անարդարություններ և բացթողումներ»:

 

Բանախոսի կարծիքով՝ եթե Հայաստանի նախարարություններն ու այլ կառույցներն իրենց  աշխատանքը լավ կատարեն, ապա մեր երկրում իրավիճակը կլավանա: Նա օրինակ բերեց Վլադիմիր Գասպարյանին, Արմեն Երիցյանին, Գագիկ Բեգլարյանին, ովքեր իրենց աշխատաքն անում են անթերի և այսօր մեծ հաջողությունների են հասել:  

 

Արդոք Գագիկ Ծառուկյանը կարող է դառնալ ՀՀ Նախագահ և համապատասխանում է ՀՀ Նախագահի չափանիշներին, բանախոսը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը այսօր համարվում է թիվ մեկ Հայաստանի քաղաքացի բարեգործը և եթե նա  չունենար այդ չափանիշները, ես  երբեք չէի կանգնի նրա կողքին: Բայց միայն բարեգործությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել այս բարդագույն վիճակից,  այսօր եթե հինգ միլիարդ դոլար էլ մեր Հանրապետությանը նվեր տան, ապա վաղն այդ փողը չի լինի, քանի որ այսօր մեր երկիրը ճիշտ չի կառավարվում»:

Զոհրաբ Զոհրաբյանը նաև նշեց, որ փոփոխությունները միայն իշխանափոխությամբ չեն արվում, պետք չէ արյան միջոցով հասնել այդ փոփոխություններին, ուղղակի պետք է գործել. «Ընդդդիմությունը ժողովրդին հանեց Մարտի 1-ին, զոհվեցին, բազմաթիվ անմեղ մարդիկ տուժվեցին, բայց ոչինչ չփոխվեց, ուստիև պետք է գործել՝ հանուն հայրենիքի: Ես ինքս ամեն ինչ արել և անելու եմ իմ հայրենիքի համար: Ամեն օր որևէ քայլ եմ անում իմ երկիրը շենացնելու համար: Կան բազմաթիվ ծրագրեր, որ իրագործելու ենք՝ մոտ 5000  նոր աշխատատեղեր են ստեղծվելու, մարդկանց օգնելու ենք ետ վերադարձնել իրենց կորցրած սեփականությունը: Դուք դրա ականատեսը կլինեք մոտ ժամանակներում»:

 

 

Նույն շարքից