Մամուլի ակումբ 

«Առկա քաղաքական ակտիվությունը չի կարող արդյունք չտալ». Տաճատ Վարդապետյան

analitik.am

Ապրիլի 17-ին «Անալիտիկ» կենտրոնում տեղ ունեցած «Ներքաղաքական իրավիճակ. Ջավախահայերի սպասելիքները նոր ձևավորվող կառավարությունից և վարչապետից» թեմայով ասուլիսի հյուրն էր ՀՀ ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի Միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը:

 

Խոսելով թեմայի մասին՝ հյուրն անդրադարձավ ՀՀ ներքաղաքական իրավիճակին և նշեց, որ ներքաղաքական կյանքում քաղաքական գործընթացները թարմություն են հաղորդում ՀՀ-ին և ինքը, ճանաչելով և բարձր գնահատելով նոր վարչապետի կառավարման  կարողությունները, ինքը համոզված է, որ նոր կառավարությունը հաջողություն կունենա:

 

Պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյո՞ք նոր կառավարությունը կկարողանա Հայաստանը դուրս բերել տնտեսական ծանր վիճակից՝ նա նշեց, որ քաղաքական մեծ ակտիվություն կա, որը չի կարող արդյունք չտալ:

 

Խոսելով նոր կառավարությունում սպասվող փոփոխությունների մասին՝ նա նշեց, որ դա ժամանակի խնդիր է, չնայած, իր կարծիքով, փոփոխություններ կլինեն:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը, անդրադառնալով «Օրինաց երկիր» կուսակցության՝ երեկ կայացրած որոշմանը, որի համաձայն՝ կուսակցությունը դուրս եկավ  կոալիցիայից, որին էլ հաջորդեց 3 նախարարների՝ կուսակցությունից դուրս գալու մասին որոշումը,  ասաց, որ դա ներկուսակցական խնդիր է, և կուսակցությունն ինքն է կայացնում իր որոշումները, իսկ իրենք էլ հարգանքով են վերաբերում այդ որոշմանը:

 

Խոսելով ՕԵԿ-ի՝ ընդդիմություն մտնելու և «քառյակի» հետ համագործակցության մասին, նա նշեց, որ կուսակցության ղեկավարի կողմից պաշտոնական դիրքորոշում դեռևս չկա, չնայած գործընթացները դրան են տանում, իսկ այն հարցին՝ արդյո՞ք ՕԵԿ-ը որպես ընդդիմություն կընդունվի հենց ընդդիմության և հասարակության կողմից, նա պատասխանեց, որ դա կախված է միայն կուսակցության հետագա գործունեությունից:

Պատասխանելով այն հարցին, թե  ինչպես կզարգանան Հայաստան - Վրաստան փոխհարաբերությունները նոր կառավարության օրոք, նա պատասխանեց, որ մեզ համար շատ կարևոր է լավ հարաբերություններ ունենալ Վրաստանի հետ: «Մենք ունենք շատ մեծ հայ համայնք, և ես կարծում եմ, որ նորանշանակ կառավարությունը ամեն ինչ կանի, որ մեր ջավախահայ և վիրահայ հայրենակիցները ավելի լավ պայմաններում ապրեն: Այն հարցին, թե «Վիրահայերի Միասնություն» ՀԿ կոնկրետ ինչ գործնական քայլեր ու ակնկալիքներ ունի նոր կառավարությունից՝ ջավախահայերի հետ կապված,  նա նշեց, որ առավել պետք է շեշտադրվի գիտակրթական ու մշակութային կյանքը ակտիվացնելու և ամեն կերպ հայապահապանությունը խրախուսելու քաղաքականությունը:

 

Խոսելով ՀՀ-Վրաստան փոխհարաբերությունների մասին և պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պատկերացնում ՀՀ- Վրաստան համագործակցության խորացումը, երբ ՀՀ դիրքորոշումը դեպի Ռուսաստան է, իսկ Վրաստանը արևմտյան դիրքորոշում ունի, նա նշեց, որ Ջավախքի կարևորությունը հենց նրանում է, որ կարողանա մեկտեղել արևմտյան և ռուսական դիրքորոշումները մեկ սեղանի շուրջ:

 

Նա նաև անդրադարձավ Քեսաբի դեպքերի կապակցությամբ ջավախայության անդրադարձին և նշեց, որ ջավախայայությունը մշտապես հետևում է բոլոր դեպքերին, խիստ մտահոգված է Քեսաբում Թուրքիայի իրականացրած  հակահայ քաղաքականությամբ,  և Վրաստանի խորհրդարանի 3 ջավախահայ պատգամավորները նամակ են հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ խնդրելով մենակ չթողնել մեր հայրենակիցներին: 

Նույն շարքից