Մամուլի ակումբ 

Մեռածների մասին կամ լավն են ասում, կամ ոչինչ. Կարեն Քոչարյան

«Քոչարյանը քաղաքականությունից երբեք էլ դուրս չի եկել, ինչը քաղաքական գործչի համար նորմալ է»,- այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:


«Շատերն ասում են, որ այսօր իշխանության են եկել Ռոբերտ Քոչարյանի մարդիկ, ի՞նչ է նշանակում դա: Այդ մարդիկ այսքան ժամանակ անգործ չեն եղել՝ կամ եղել են ՀՀԿ-ում կամ եղել են կառավարության կազմում»-,ասաց նա:


Խոսելով նոր կառավարության մասին, Քոչարյանը ասաց. «Այժմ ավելի պրագմատիկ կառավարություն է ձևավորվել: Երբ Հովիկ Աբրահամյանին նոր էին վարչապետ նշանակել, ես մտածում էի, որ գործող համակարգի համար ամենահարմար թեկնածուն ինքն է: Սակայն շատ կարևոր է, որ պրագմատիկ լինի նաև ընդդիմությունը, ռոմատիզմով կարող է տառապել քաղաքական անհատը, բայց վատ է, որ ռոմանտիզմով է սկսում տառապել մի ամբողջ քաղաքական ուժ:»:


Խոսելով Սպորտի և երիտասարդության հարցերի նոր նախարարի մասին, ասաց. «Այս նշանակումը առաձին պատմություն է, որը մտնում է փաթեթի մեջ, որի շուրջ պայմանավորվել են Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը, քանզի հաստատ Ծառուկյանը՝ Հովիկ Աբրահամյանի հետ նախագահական չէր գնացել, որ ասի՝ իմ վրա հույս մի դրեք: Վստահաբար կարելի է ասել, որ նրանք որևէ բան են պայմանավորվել, և այս նշանակումը այդ պայմանավորված փաթեթի տարրերից մեկն է, ինչպես Գալուստ Սահակյանին կողմ քվեարկելը, կարծում եմ այդ փաթեթի մեջ է մտնում նաև կառավարության ծրագրին կողմ քվեարկելը»:


Բանախոսը խոսելով վերջերս կոալիցիայից դուրս եկած ՕԵԿ-ի մասին նշեց. «Հայաստանում քաղաքական ուժերը վաղուց թքած ունեն հասարակության կարծիքի վրա: ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու մասին միայն կարող եմ ասել. Մեռածների մասին կամ լավն են ասում, կամ ոչինչ, ես գերադասում ոչինչ չասել. Խոսքը քաղաքական դիակների մասին է»:

 

 Բանախոսի կարծիքով՝ ՊԵԿ-ի միացումը Ֆիննախին եղել է երկար տարիների լոբինգի արդյունք և այդ լոբինգը արել են հենց Համաշխարհային բանկն ու IMF-ը (Միջազգային արժութային հիմնադրամ), արևմտյան ստրուկտուրաները:

 

Հարցին, արդյոք Լևոն-Տեր Պետրոսյանը կվերադառնա քաղաքականություն, Քոչարյանը պատասխանեց. «Հնարավոր է, որ վերադառնա քաղաքականություն, սակայն քիչ է հավանականությունը, այս պահի դրությամբ ես չեմ տեսնում այդ քայլը: Ծանր հրետանու նման քաղաքական գործիչները չեն թեթևանում, ես այդ կարծիքին եմ»: Խոսելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, փոփոխությունների մասին, բանախոսը նշեց. «Այժմ աշխարհում ուշագրավ փոփոխություններ են տեղի ունենում և Հայաստանում ամեն ինչը կախված է դրսից, այդ պատճառով անլուրջ է խոսել թե ինչ տեղի կունենա Հայաստանում 3 տարում»:


Հարցին արդյոք Թուրքիան համագործակցելով Ռուսաստանի հետ՝ ուզում է տարածաշրջանում դառնալ առաջատար, բանախոսը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը այն Ռուսաստանն է, որը կարող է Թուրքիային հավատալ: Թուրքիա-Ռուսաստան համագործացության արդյունքում Թուրքիան տարածաշրջանում չի կարող դառնալ առաջատար, դա անհնար է, սակայն չեմ բացառում, որ տարածաշրջանում քաղաքական տեկտոնիկ փոփոխություններ տեղի կունենան»,- շեշտեց բանախոսը:

Նույն շարքից