Մամուլի ակումբ 

Հայ առաքելական եկեղեցին չի արգելում մայիսյան ամուսնությունները. քահանա

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Մայիս-վայիս. Ինչու՞ մայիսին չեն ամուսնանում. Սնահավատություն, թե՞ հիմնավոր տեսակետ» թեմայով ասուլիսի հյուրերն էին Այրարատյան հայրապետական թեմի Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցու և Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանը և Քուրմ Գեղամը:


Անդրադառնալով թեմային Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանը նշեց, որ Հայ առաքելական եկեղեցին չի արգելում ամուսնանալ ոչ ամսվա ընթացքում, այդ թվում մայիսին, արգելված է ամուսնանալ միայն Մեծ Պահքի շրջանում: Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանը նաև ավելացրեց, որ ինքը նույնիսկ ունեցել է մայիսին ամուսնացած զույգեր, ովքեր մինչ օրս երջանիկ են և ոչ մի խնդիր չունեն:


Հարցին՝ որտեղից է գալիս այդ արգելքը, նա պատասխանեց, որ դա երևի կապված է այն հանգամանքի հետ, որ մայիսը աղքատ ամիս է եղել, բերքը դեռ հասունացած չի եղել, և դրանով պայմանավորված՝ մարդիկ խուսափել են ամուսնանալ:


Քուրմ Գեղամը, մինչ թեմային անդրադառնալը, բոլոր ներկաներին շնորհավորեց՝ մայիսյան հաղթանակների կապակցությամբ և ասաց, որ այս տաբուն հասկանալու համար  պետք է գնալ պատմության շատ խորքերը: Ամուսնական միությունները միշտ տոհմային միություններ են, որոնք նշվում են առատ սեղանով, և քանի որ մայիսը աղքատ ամիս էր, մարդիկ խուսափում էին ամուսնանալ մայիսին:


Անդրադառնալով այն հարցին, որ վերջին ժամանակներս, ցեղակրոնների ակտիվացմամբ պայմանավորված, շատացել են ամուսնությունները հեթանոսական տաճարներում, ինչպես է դրան վերաբերում առաքելական եկեղեցին, Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանը նշեց, որ քրիստոնեությունը հենց Սահմանադրությամբ մեր երկրում ճանաչվել է պետական կրոն, իսկ հայ առաքելական եկեղեցին ազգային եկեղեցին է, պսակադրություններն էլ անցկացնում է հենց ինքը, բայց նաև հայ առաքելական եկեղեցին թշնամաբար չի վերաբերում  ոչ մեկին: «Եթե պսակը ընդունենք որպես տղայի և աղջկա միություն, ապ դա իր մեջ խորհուրդ ունի և այդ խորհուրդը պետք է օրհնի միայն Աստված», եզրափակեց Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանը:


Հարցին՝ Հայ առաքելական եկեղեցին հեթանոսությունը նույնպես համարում է քայքայիչ աղանդ, Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանը նշեց, որ քայքայիչ աղանդներ անվանում են նրանց, ովքեր շեղվում են ավետարանական եկեղեցուց և աղավաղված են ներկայացնում Տիրոջ խոսքը: Այդ առումով հեթանոսությունը չի կարելի համարել քայքայիչ աղանդ:


Խոսելով տարվա մեջ ամուսնությունների սեզոնի մասին՝ քահանան պատասխանեց, որ ամուսնությունները շատ են հատկապես աշնանը, նաև Տյառընդառաջին, Պահքից առաջ և անմիջապես հետո:


Խոսելով այն մասին, թե արդյոք հայ առաքելական եկեղեցին ընդունում է ստիպողաբար ամուսնությունները, Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանը նշեց, որ ամուսնությունն Աստծո կողմից ընդունելի է այն դեպքում, երբ կա չափահաս ու խելացի տղայի ու աղջկա համաձայնություն՝ ընտանիք կազմելու համար:


Վերջում Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանը խորհորդ տվեց բոլոր երիտասարդներին չհավատալ ոչ մի սնահավատության, ամուսնանալ մայիսին և երջանիկ ու ամուր ընտանիք ունենալ:


Նույն շարքից