Մամուլի ակումբ 

Այս տարի շոգ ամառ չի կանխատեսվում. Գագիկ Սուրենյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Առաջիկա օրերի և հունիս ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը» թեմայով ասուլիսի հյուրն էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:

 

Հյուրը, նախ ամփոփեց մայիս ամիսը և ասաց, որ մայիս ամսի առաջին տասնօրյակը շատ չորային էր, չկային տեղումներ և նույնիսկ դիտվել է նորմայից շատ բարձր ջերմաստիճան, իսկ մայիսի 10-ից հետո եղանակը փոխվել է, բավականին տեղումներ են եղել՝ կապված հանրապետություն ներթափանցած սևծովյան անտիցիկլոնի հետ: Այնուամենայնիվ, օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1-5 աստիճանով: Սևանա լճի մակարդակը եղել է 1900.47մ, 0 մ փոփոխություն՝ նախորդ տարվա համեմատությամբ:

 

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսման մասին նա նշեց, որ մինչև մայիսի 29-ը հանրապետության որոշ շրջաններում զգալի տեղումներ կլինեն, սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կլինի մինչև 29 աստիճան, իսկ արդեն  մայիսի 29-ից հետո օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ Արարատյան դաշտում և Երևանում հասնելով 34 -35 աստիճանի, իսկ Մեղրիում մինչև 36 աստիճան:

 

«Հունիսին նախատեսված է օդի ջերմաստիճանի անկում՝ մինչև 1 աստիճանով: Հունիսի առաջին տասնօրյակում օդի ջերմաստիճանը կլինի մինչև 35 աստիճան, իսկ առաջին տասնօրյակից հետո՝ ավելի ցածր: Ակնկալում ենք ավելի խոնավ հունիս, տեղումները կլինեն լոկալ՝ հանրապետության առանձին հատվածներում»:


Ամփոփելով մայիս ամիսը և, հիմնվելով հունիս ամսվա եղանակային կանխատեսումների վրա, բանախոսը նշեց, որ մայիսին օդի միջին ջերմաստիճանը եղել է  16 աստիճան , տեղումները՝ 40 մմ ս.ս, իսկ հունիսի համար կանխատեսվում է 21 աստիճան և  տեղումների մակարդակը՝  21 մմ ս.ս.:


«Նախորդ տարվա համեմատությամբ՝ այս տարի ավելի զով հունիս ենք ունենալու ու չենք կանխատեսում շոգ ամառ: Իսկ նախորդ տարվա մայիսի համեմատությամբ՝ այս տարի մայիսին տեղումները մի փոքր ավելի շատ են եղել»:

Նույն շարքից