Մամուլի ակումբ 

Հայաստանում ապօրինի անտառահատումները էականորեն նվազել են. ՀՀ ԳՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ

analitik.am

«Հայաստանում  ապօրինի  անտառահատումները էականորեն նվազել են ՝ անցած տարի հատվել է 528 ծառ, իսկ 2003 թվականին հատվել էր 32.000 ծառ, տեսնում ենք, որ կա բավականին մեծ տարբերություն: Խստացել է հսկողությունը, կառավարությունը ընդունել է մի շարք օրենքներ, որոնք նպաստում են ծառահատման նվազմանը»,-այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

 

 

«Անտառների պահպանությամբ զբաղվում է բնապահպանության ու գյուղատնտեսության նախարարությունները, մենք կառավարում ենք Հայաստանի անտառների 75 տոկոսը»,-ասաց նա:

 

 

Բանախոսի խոսքով՝ ապօրինի անտառահատումների նվազումը պայմանավորված է խիստ հսկաողությամբ և կառավարության կողմից ընդունված մի շարք օրենքների ընդունմամբ: Օրինակ՝ փայտի իրացման ու մթերման գործընթացը կարգավորող օրենքի ընդունումը նույնպես նպաստել է ապօրինի ծառահատումների նվազեցմանը:

 

 

Ռուբեն Պետրոսյանը խոսելով անտառածածկ տարածքների նվազեցման մասին՝ ասաց. «Դրանք կարող են լինել ոչ միայն անտառահատումների պատճառով, այլև հրդեհների, անտառային հիվադությունների, կլիմայական փոփոխությունների պատճառով: Հայաստանում անտառածածկ տարածքները 2010-2013 թվականների ընթացքում նվազել են 2018 հեկտարով և ավելացել 1205 հեկտարով: Մեր հարևան երկրներում , օրինակ Վրաստանում՝ անտառածածկ տարածքները նվազել են 9000 հեկտարով և ավելացել 4000 հեկտարով: Ադրբեջանում նվազել են 7600 հեկտարով և ավելացել՝ 883 հեկտարով: Աշխարհի մեծ երկրներից անտառածածկ տարածքները ավելի շատ պակասել են Ռուսաստանում և Բրազիլիայում»:

 

 

Բանախոսը տեղեկացրեց, որ Հայաստանում ամենաշատ անտառածածկ տարածքները գտնվում են Տավուշում և Լոռիում. «Եթե անտառների պահպանության համար համապատասխան տեխնիկա, հագուստներ և այլ անհրաժեշտ պարագաներ լինեն, ապա մեզ մոտ անտառապապհանության աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն»,-նշեց ՀՀ ԳՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետը:

Նույն շարքից