Մամուլի ակումբ 

«Պետությունը պետք է ոչ թե էլեկտրաէներգիան թանկացնի, այլ խնդրի լուծման այլ տարբերակ գտնի». Միքայել Մելքումյան

analitik.am

 «Ավելի վաղ Հայաստանում էլեկտրաէներգիան, գազի թանկացումների հետևանքով, արդեն իսկ թանկացել էր 25 տոկոսով: Այդ թանկացումը, գոնե, բացատրություն ուներ, սակայն այս թանակցումը անընդունելի է և չունի որևիցե հիմնավորում»,- այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա էլեկտրաէներգիայի թանկացումը: 2014-ի առաջին եռամսյակում ՀՀ տնտեսական աճի տեմպը 2 անգամ դանդաղել է. պատճառներ և հետևանքներ» թեմայով ասուլիսի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:


Պատգամավորը փորձեց մի քանի պատճառներ նշել, որոնք կարող են կապված լինել էլեկտրաէներգիայի թանկացման հետ. «Առաջինը մենք ունենք բաշխիչ համակարգ. դա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, ունենք մեկ գնորդ և պետությունը որոշել է, որ այս դեպքում խաղի կաննոները ինքը պետք է թելադրի: Մեկ տարվա ընթացքում ՀԷՑ-ը հայտնվեց սնանկ վիճակում: Խնդիրն այն է, որ ՀԷՑ-ը պետք է ձեռք բերեր ամենաէժան էլեկտրաէներգիան, այնուհետև կարևոր նշանակություն ունեն նաև հիդրոէներգետիկան և ջերմաէլեկտրակայանը»:


Տնտեսագետը նշեց, որ էլեկտրաէներգիայի համակարգում առաջացել է 20 մլրդ դրամի ճեղքվածք և այն փակելու համար պետությունը որոշում է կայացրել բարձրացնել էլեկտրանէներգիայի գինը: «Պետությունը դեֆիցիտը ցանկանում է բնակչության, կամ տնտեսվարող սուբյեկտների հաշվին փակել»,- ասաց Միքայել Մելքումյանը:


Նա շեշտեց, որ այս փուլում էլեկտրաէներգիայի բարձրացում չպետք է տեղի ունենա, պետք է պետությունը այլ միջոցներ փնտրի այս խնդրի լուծման համար, օրինակ՝ արտադրող կայանների շահութաբերության խնդիրը քննարկի և շահութաբերության նորմատիվը իջեցնելով՝ փորձի կարգավորել այս խնդիրը. «Պետք է նշել, որ բնակչության ու տնտեսվարող սուբյեկտների էլաստիկությունը այս հարցում ավելի սահուն է: Չորսից հինգ տոկոս սպառման ծավալների նվազումը բերում է արտադրող կայանների մասշտաբի էֆեկտի թուլացման: Այն արտադրությունները, որտեղ գազի ու էներգիայի օգտագործման ծավալը բարձր է, լուրջ խնդիրներ կարող են առաջանալ»:


Բանախոսը նաև հավելեց, որ երկուշաբթի ԲՀԿ-ն վերջին քառօրյայի ժամանակ մտադիր է բարձրացնել այս խնդիրը: Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հարց է ուղղվել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Արա Սիմոնյանին, որը ոչ մի հստակ պատասխան չի տվել:

Նույն շարքից